11:40  ,  3 հոկտեմբերի, 2017

Հակոբ Սերոբյանը՝ Մոնրեալից. Դեռ սպասողական վիճակում ենք

Հայ մարմնամարզիկները պայքարի մեջ են մտել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության որակավորման փուլում։ Արդյունքները նորմալ են, բայց ոչ շատ լավ։ Այս աշխարհի առաջնությունում միավորները շատ հակասական են, մրցավարները շատ խիստ են եւ բոլորի հանդեպ են խիստ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայի Մոնրեալ քաղաքից հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Հոկտեմբերի 2-ին Մոնրեալում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում աշխարհի առաջնության որակավորման փուլում արդեն մեկնարկել են Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը։

Հարություն Մերդինյանը հանդես է եկել նժույգթափեր վարժությունում, Վահագն Դավթյանը՝ օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը՝ բազմամարտում։

«Աշխարհի առաջնության մեկնարկային օրը մասնակցել ենք որակավորման փուլին։ Մեր երեք մասնակիցներն էլ դուրս են եկել մրցահարթակ։ Շատ լավ չենք մասնակցել, բայց վատ էլ չէր։ Դեռեւս չենք կարող հստակ ասել՝ ով է դուրս եկել եզրափակիչ փուլ, քանի որ շատ են մասնակիցները՝ շուրջ 500 մարմնամարզիկ։ Որակավորման փուլը անցկացվում է մի քանի օրում, միայն բոլորի մասնակցությունից հետո պարզ կլինի, թե ինչ արդյունքներ ենք գնացել։

Ընդհանուր առմամբ, գոհ եմ տղաների մրցելույթներից, մասնավորապես, Հարություն Մերդինյանից։ Մի պահ գրեթե պետք է ընկներ նժույգի վրայից, բայց այնպես իրեն դրսեւորեց, այնքան պրոֆեսիոնալ կերպով մի տարր էլ ավելի կատարեց, որ ամեն ինչ հարթվեց եւ հրաշալի ավարտեց վարժությունը։ Հենց Հարություն Մերդինյանի մեկնարկի ժամանակ այստեղ ամբողջ գնահատման համարկարգը խառնվել էր իրար։ Որոշ ժամանակ նստած սպասում էինք, թե երբ պետք է վերականգնեն համակարգը, բայց քանի որ Հարություն Մերդինյանը շատ լավ մարզավիճակում էր, դա իրեն չխանգարեց եւ շատ լավ կատարեց իր առջեւ դրված խնդիրը։

Նշեմ, որ աշխարհի առաջնության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը հանդես եկավ իր բարդացված վարժությունով, իսկ այդ ընկնելու պահին շատ մասնագիտորեն մեկ ավելի բարդ տարր էլ կատարեց, որպեսզի փրկի դրությունը եւ ավարտեց։ Այս պահին նրա գնահատականը վատ չի, բայց շատ լավն էլ չէ։ Առաջին օրվա արդյունքով երկրորդ տեղում է։ Տեսնենք՝ մինչեւ բոլոր մասնակիցների վերջնական արդյունքները որ տեղում կմնա մեր Եվրոպայի չեմպիոնը։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն էլ նորմալ հանդես եկան։ Արթուր Դավթյանը բազմամարտում եւս լավ հանդես եկավ, Վահագն Դավթյանը օղակներում՝ եւս։ Բայց դեռ չենք կարող նախապես ասել, որ այս արդյունքները եզրափակիչի ուղեգիր կտան մեզ։ Դեռ սպասողական վիճակում ենք։

Այս աշխարհի առաջնությունում միավորները շատ հակասական են, մրցավարները շատ խիստ են եւ բոլորի հանդեպ են խիստ։

Հույս ունեմ, որ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը կլինեն 8 լավագույնների թվում, իսկ Արթուր Դավթյանը լավագույն 24-ի մեջ, ինչը մեզ հնարավորություն կտա պայքարել եզրափակիչում։

Ոչինչ չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Շատ անկանխատեսելի ու բարդ մրցում է։ Կարեւորն այն է, որ մեր մարզիկները, չնայած մրցավարների խիստ դատողությանը եւ մասնակիցների այս մեծ քանակին, լարվածություն չունեին։ Հատկապես Հարություն Մերդինյանը շատ վստահ էր եւ նրա հավելյալ պտույտներով ելույթն ավարտելն ինձ շատ է ուրախացրել։

Ափսոսում եմ, որ Արթուր Դավթյանը իր հիմանական գործիքի՝ հենացատկի վրա չի աշխատելու, քանի որ այս առաջնությունում միայն բազմամարտով է հանդես գալու։ Հենացատկում պայքարի մեջ չէինք կարող մտնել, քանի որ դեռեւս 2 պտույտով բարդ վարժության պատրաստ չէինք։ Բազմամարտում Արթուր Դավթյանի արդյունքը որակավորման փուլի առաջին օրը երրորդն է։ Նա զիջել է միայն օլիմպիական փոխչեմպիոնին եւ աշխարհի փոխչեմպիոնին։ Շատ ուժեղ մասնակիցներ կան։ Մնում է միայն սպասենք, թե ինչ է լինելու որակավորման փուլի վերջում»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ունի 2 մրցավար՝ Էլֆիկ Հովհաննիսյան եւ Սոս Սարգսյան, իսկ Հակոբ Սերոբյանը Հայաստանի պատվիրակության ղեկավարն է։

Հայաստանի թիմը աշխարհի առաջնության մրցավայր է մեկնել Փարիզից, որտեղ թիմը 10-օրյա համատեղ ուսումնամարզական հավաք անցկացրեց Ֆրանիսայի հավաքականի հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում