17:01  ,  26 սեպտեմբերի, 2017

Մոուրինյո. Մխիթարյանը գերազանց անցկացրեց անցած մրցաշրջանը, բայց Չեմպիոնների լիգան նոր մակարդակ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումից առաջ Մոսկվայում պատասխանել է լրագրողների հարցերին: Ասուլիսին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մանչեսթերյան թիմը կմրցի ԲԿՄԱ-ի հետ:

«Իմ կարիերայում նորմալ երեւույթ է Ռուսաստանում խաղալը: Այստեղ եղել եմ «Ռեալի», «Ինտերի», «Չելսիի», այժմ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ես ուրախ եմ վերադառնալ Մոսկվա, որն ամեն տարի դառնում է ավելի լավը: Ես դա տեսնում եմ անզեն աչքով: ԲԿՄԱ-ն այժմ ունի ուժեղագույն կազմը:

Մխիթարյանը ասուլիսին մասնակցում է ռուսախոս լրագրողների գործը հեշտացնելու համար: Բայց նրա ներկա լինելն այստեղ չի նշանակում, որ վաղը տեղը մեկնարկային կազմում նրա համար երաշխավորված է: Մխիթարյանը լավ է խաղում, գերազանց անցկացրեց անցած եվրագավաթային մրցաշրջանը, բայց Չեմպիոնների լիգան նոր մակարդակ է: Հյուրընկալվելիս այնքան էլ հեշտ չէ խաղալ այս մրցաշարում: Տեսնենք, թե ինչի է ընդունակ Մխիթարյանը:

Բացակայում են Պոգբան, Ֆելաինին, Կարիկը: Լուծումներն այնքան էլ շատ չեն, բայց մենք կձգտենք չկենտրոնանալ անհատական պայքարի վրա: Մենք մտադիր ենք օգտագործել մեր թիմային որակները, գտնել հավասարակշռություն եւ հաղթել»,- ասել է Մոուրինյոն նախախաղային ասուլիսում:

ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում