18:25  ,  22 սեպտեմբերի, 2017

Էդգար Մալաքյան. Այս խաղում ամենակարեւորը մեր պարտությունների շարքն ընդհատելն էր

Այս խաղում ամենակարեւորը մեր պարտությունների շարքն ընդհատելն էր եւ դրական հոգեբանական ազդակ ստանալը, ասել է «Ստալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ժեմչուժինային» հետխաղյա 11 մետրանոցներով 4:1 հաշվով հաղթելուց եւ հաջորդ փուլ դուրս գալուց հետո: Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Դժվար տրվեց հաղթանակը: «Ժեմչուժինան» նույնպես պայքարում էր, ձգտում էր հաղթանակի: Մեծ առավելություն չունեինք, որ մեկնարկում լուծեինք խնդիրը եւ սպասեինք խաղի ավարտին:

Վստահ եմ, որ այս հաղթանակը մեր թիմի համար հոգեբանորեն շատ կարեւոր է եւ օգուտ կտա նաեւ Պրեմյեր լիգայի առաջիկա հանդիպումներում:

Մեր թիմը երիտասարդ է, վերականգնվելու համար քիչ ժամանակ է պահանջվում: Գլխավորը հոգեբանորեն տրամադրվելն է: Ամեն խաղում նոր փորձ ենք ձեռք բերում»,- Մալաքյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի առաջնությունում Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 7 անընդմեջ պարտություն է կրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում