22:41  ,  17 սեպտեմբերի, 2017

Մոուրինյո. Մխիթարյանի գոլից հետո խաղն ավարտված էր (ֆոտո)

Հենրիխ Մխիթարյանի գոլից հետո խաղն արդեն ավարտված էր, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով «Էվերտոնի» նկատմամբ տարած 4:0 հաշվով հաղթանակը: Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 84-րդ րոպեին հաշիվը դարձրել էր 2:0:

«Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք: Հատկապես առաջին 30-35 րոպեներին ցուցադրեցինք մեր լավագույն խաղն այս մրցաշրջանում: Մենք ճնշեցինք մրցակցին, որը չուներ գրոհ կազմակերպելու, հարված կատարելու հնարավորություն: Տպավորիչ էր: Դրանից հետո հայտնվեցին «Էվերտոնի» լավ խաղացողները եւ ցուցադրեցին վարպետություն: Նրանք դժվարություններ էին ստեղծում, բայց ես պահեստայինների նստարանին տեսնում էի խաղն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ:

Պրեմյեր լիգայում հիմա պաշտպանվում են հինգ խաղացողներով: Դրան դիմակայելու լավագույն տարբերակը նույնպես հինգ պաշտպաններով խաղալն է: Բայց դու ռիսկի ես դիմում, երբ հարմարվում ես այդպիսի մարտավարությանը: Մենք հարձակման գծում խաղացինք երեք ֆուտբոլիստներով, գումարած Մխիթարյանը: Պետք է սպանել խաղը եւ շանս չթողնել մրցակցին: Գոհ եմ արդյունքից, բայց կարծում եմ՝ 4:0-ն շատ էր «Էվերտոնի» համար, քանի որ նրանք շատ ջանք գործադրեցին եւ արժանի չէին խոշոր հաշվով պարտության»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է BBC-ն:

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 4:0

Անտոնիո Վալենսիա, 4, Հենրիխ Մխիթարյան, 84, Ռոմելու Լուկակու, 90, Անտոնի Մարտիալ, 90+2, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում