10:04  ,  18 սեպտեմբերի, 2017

Լիտվա․ Հայաստանի լրագրողների հավաքականը երրորդն է, Վլադիմիր Հովհաննիսյանը՝ լավագույն խաղացող

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երկրորդ տարին անընդմեջ երրորդ տեղը գրավեց Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որն այս տարի անցկացվեց 13-րդ անգամ։

Լիտվայի լրագրողների միության կազմակեպած մրցաշարում հանդես եկան լրագրողական 9 թիմեր Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ Վրաստանից։

Մրցաշարը տեղի ունեցավ մեկ օրում եւ յուրաքանչյուր թիմ անցկացրեց 15 րոպե տեւողությամբ 8-ական խաղ՝ մրցելով բոլոր մասնակիցների հետ։ Հայաստանի թիմը տարավ 4 հաղթանակ, կրեց մեկ պարտություն եւ 3 հանդիպում ավարտեց ոչ ոքի՝ 15 միավորով գրավելով երրորդ տեղը։ Մինչեւ վերջին տուրը հայ լրագրողները պայքարում էին չեմպիոնության համար, սակայն հաջողության գործոնն այս մրցաշարում մեր կողմը չէր։ Առաջին տեղը զբաղեցրեց 17 միավոր վաստակած Բելառուսի թիմը, իսկ լեհերը 16 միավորով երկրորդն էին։

Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց Հայաստանի թիմի առաջատարներից Վլադիմիր Հովհաննիսյանը:

Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել մեկ մարզիչով ու 12 խաղացողներով: NEWS.am-ն ուներ 2 ներկայացուցից՝ NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանն ու թղթակից Հովհաննես Մելքունյանը: Թիմի մարզիչն է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, իսկ ավագը՝ Դավիթ Ալավերդյանը։ Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Վլադիմիր Հովհաննիսյանը, Էդուարդ Քալանթարյանը, Խորեն Թեւանյանը, Էդուարդ Հայրապետյանը, Սամվել Ղարագյոզյանը, Վահրամ Մկրտչյանը, Բագրատ Կազումյանը, Էմիլ Սարգսյանն ու Արման Ալավերդյանը։

Լրագրողները Լիտվա էին մեկնել գլխավոր հովանավոր «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ, հովանավորներ են՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը եւ «Ռոստելեկոմը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում