19:11  ,  13 սեպտեմբերի, 2017

Սերենա Ուիլյամս. Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին (նորածնի լուսանկարը)

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն առաջին անգամ հրապարակել է նորածին դստեր լուսանկարը:

«Դիմավորեք Ալեքսիս Օլիմպիա Օհանյանին»,- գրել է Ինստագրամում Սերենա Ուիլյամսը:

Երեխան ծնվել է սեպտեմբերի 1-ին: Մարզուհին մտադիր է կորտ վերադառնալ հաջորդ տարի:

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողը 2016թ. դեկտեմբերին ամուսնության առաջարկ էր ստացել ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանից:

1983թ. ապրիլի 24-ին ծնված Ալեքսիս Օհանյանը «Առանց նրանց թույլտվության» բեստսելերի հեղինակն է: 2008 թվականին Օհանյանի հիմանդրած breadpig.myshopify.com-ի հասույթի մեծ մասը հատկացվում է բարեգործության:

2010 թվականին Օհանյանն առաջին անգամ այցելել է Հայաստան եւ կազմակերպել TEDx Yerevan առաջին սեմինարը: Օհանյանի հայրը ծնվել է ԱՄՆ-ում, հայրական պապը Արեւմտյան Հայաստանի Խարբերդից է, տատը՝ Բիթլիսից: Ալեքսիսի մայրը գերմանացի է:

35-ամյա Սերենա Ուիլյամսը միակն է թենիսի պատմության մեջ, որը նվաճել է կարիերայի «Ոսկե սաղավարտ»՝ դառնալով «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերի հաղթող եւ Օլիմպիական խաղերի չեմպիոն մենախաղում եւ զուգախաղում: Սերենա Ուիլյամսը կարիերայի ընթացքում միայն մրցանակային պարգեւավճարներից ստացել է 81.7 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում