14:04  AMT,  13 սեպտեմբերի, 2017

Արթուր Գեւորգյան. Վերջին հաջողությունների առթիվ չեմ ունեցել իմ եւ ֆեդերացիայի հասցեին գովեստի խոսքեր լսելու ցանկություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:

«Ցանկացած սպորտաձեւի կամ ֆեդերացիայի աշխատանքի նկատմամբ հասարակական ընդվզումները, որոնք հիմնականում հաջորդում են անհաջող ելույթներին, միշտ էլ եղել են, կան ու լինելու են: Դա բնական երեւույթ է եւ այլ կերպ պատկերացնել էլ հնարավոր չէ: Այստեղ, իհարկե, կարող է լինել երկու պատճառ: Մեկը փոփոխությունների պահանջի ակնկալիքով հասարակության բողոքն է՝ անգամ ցանկություն չունենալով լսել որեւէ արդարացում, մյուսը՝ թաքնված ծրագիրն է՝ տվյալ իրավիճակում ինչ-որ մեկի կամ ոմանց շահը արհեստականորեն առաջ տանելու: Դա էլ է միշտ եղել, կա եւ ապագայում էլ լինելու է...

Հասարակության յուրահատուկ հետաքրքրություն որեւէ սպորտաձեւի նկատմամբ, որից էլ առաջանում է «ավանդական սպորտաձեւ» եզրույթը, որքան լինում է ավանդական,այնքան սպասելիքները լինում են առավելագույն ու խիստ:

Սպորտում եւ առհասարակ ցանկացած ասպարեզում հաջողություններ գրանցելու բանաձեւը պարզ է՝ պայմաններ՝ գումարած նպատակին հասնելու վճռականություն:

Միշտ վեճի թեմա է, թե այս գումարելիներից որն է առաջնային ու կարեւոր: Ոլորտի պատասխանատուները ամեն ինչ փորձում են կապել ֆինանսական պայմանների հետ, իսկ պայմաններ ստեղծողները թերահավատորեն են վերաբերվում տվյալ ուղղության հաջողությանը: Ես այս ամենը անկեղծորեն համարում եմ ժամանակի անիմաստ վատնում՝ հիշելով «գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում» մաթեմատիկական պարզ կանոնը: Հետեւաբար կարեւոր է եւ՛առաջինը, եւ՛ երկրորդը…

• Ուշադրություն տվյալ մարզաձեւի նկատմամբ

• Սպորտաձեւի զարգացման համար մշակված հստակ քաղաքականություն եւ քայլերի ծրագիր

• Մարզչական եւ կառավարման ոլորտում արհեստավարժ մասնագետների պատրաստում

• Եվ նոր վերջում միայն մարզական բախտ, որը հաճախ լինում է ճակատագրական, բայց ոչ թե մի ամբողջ երկրի համար, այլ տվյալ մարզիկի կյանքում:

Ըստ իս, սրանք են այն հիմնական գործոնները, որոնք ուշ թե շուտ ապահովում են շոշափելի արդյունք:

Առաջին կետը ֆինանսական միջոցներն են, որոնք միշտ էլ սպասվածից քիչ են լինում: Դա խնդիր է մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտում: Լուծումը այս դեպքում հետեւյալն է. եղած միջոցները փորձել կառավարել հնարավորին չափ ռացիոնալ, որն, իհարկե, միշտ վիճելի է եւ ամբողջ պատասխանատվությունը ընկնում է վերջնական որոշում կայացնողի ուսերին, եւ մյուսը ՝այլ ճանապարհներով հավելյալ միջոցներ գտնելն է, որը մեկի մոտ կարող է ստացվել, մյուսի մոտ ոչ, կամ ոչ բավարար:

Ես, երբ ստանձնեցի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ինքս ինձ համար եւ իմ առաջ դրեցի կոնկրետ նպատակներ, որոնց համար սահմանեցի խելամիտ ժամանակահատված:

Օգտագործելով սպորտային աշխարհի եւ բիզնեսի ոլորտում իմ անձնական կապերը՝ փորձեցի Հայաստանից, Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ներգրավել հետաքրքրություն ունեցող մարդկանց, որոնց միջոցով հնարավոր կլիներ լուծել տարատեսակ ընթացիկ հարցեր, նաեւ համոզեցի շատերին միջազգային փորձի օրինակով անհատապես հովանավորել աչքի ընկած որոշ սպորտսմենների: Այս փուլում ինձ համար սա ոչ թե կարճ ժամանակում արդյունք ունենալու ակնկալիք էր, այլ կարեւոր էր առաջ բերել մի մշակույթ, որը վաղուց աշխարհում գործում է, երբ բիզնեսմենը ռիսկեր կրելով ներդնում է գումար, իսկ մարզիկը գիտակցելով գործի լրջությունը կրում է բարոյական պատասխանատվություն: Այստեղ է նաեւ լուրջ արդյունքներ գրանցելու բանալին...

Ինչ վերաբերում է մասնագետների ընտրությանը եւ կադրային մարտավարությանը՝ հասկացա մի կարեւոր բան: Պետք է աշխատելու հնարավորություն տալ դաշտում որոշակի վարկանիշ ունեցող յուրաքանչյուր մասնագետի: Որոշվեց ստեղծել համակարգ, որը նրանց հնարավորություն կտա ռոտացիոն կարգով աշխատել եւ որոշակի ժամանակում դրսեւորել իրենց մասնագիտական կարողությունները: Սա նախ օգնեց ինձ տեսնել մեր ունեցած ռեսուրսների պատկերը եւ վերջ դրեց ավանդական կուլիսային խոսակցություններին:

Ճիշտ եմ գտնում այս թեմաների շուրջ հրապարակային խոսել այսօր, երբ ֆեդերացիան գրանցեց արդյունք, որը շատ փոքր մաս է կազմում մեր ապագա ծրագրերի:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի վերջին հաջողությունների առթիվ անձնական շնորհավորանքներ հայտնելուց եւ շնորհավորանքներ ստանալուց բացի չեմ ունեցել ոչ մի հրապարակային ելույթ: Վստահեցնում եմ, չեմ ունեցել իմ եւ ֆեդերացիայի նկատմամբ գովեստի խոսքեր լսելու ցանկություն, մարզիկներիս էլ հորդորել եմ նույնը: Բայց հաջողություններ գրանցելու պարագայում, այդ ամենի լուսաբանումն ու իրազեկման մակարդակը կարեւորում եմ մեկ այլ տեսանկյունից, դա հասարակության մեջ սպորտային հաջողությունների նկատմամբ հիմնականում նեգատիվ ինֆորմացիան բալանսավորելու միակ միջոցն է: Չլինեն հաջողություններ՝ չի լինի ոգեւորություն, չլինի ոգեւորություն՝ չի լինի հավատ, կորցրեցինք հաջողության հանդեպ հավատը՝ ուրեմն պարտված ենք հենց սկզբից:

Շնորհավորում եմ բոլորիս տարիների դադարից հետո Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր ունենալու առթիվ: Նոր հաջողությունների ակնկալիքով բոլոր մարզիկներին կոչ եմ անում ապագայի համար ներդնել ուժերի առվելագույնը: Եվ եւս մեկ անգամ հիշեցնեմ. բռնցքամարտը աշխարհի ամենատարածված եւ պահանջված մարզաձեւերից է, որտեղ այսօր կնվաճես մեդալ, իսկ վաղը կդառնաս ավելի հարուստ, քան մերօրյա որեւէ օլիգարխ»,- գրել է Արթուր Գեւորգյանը:

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...