02:52  ,  11 սեպտեմբերի, 2017

Ռաֆայել Նադալը՝ US Open-ի եռակի հաղթող (ֆոտոշարք)

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնական տիտղոսը:

US Open-ի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետը 3 սեթում վստահ հաղթանակ տարավ հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի նկատմամբ՝ 6:3, 6:3, 6:4: Մրցախաղը տեւեց 2 ժամ 28 րոպե:

Սա 30-ամյա Նադալի 16-րդ տիտղոսն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ 74-րդը կարիերայում: Նա US Open-ում հաղթել էր նաեւ 2010-ին եւ 2013-ին, իսկ եզրափակիչում խաղաց չորրորդ անգամ: Աշխարհի 32-րդ ռակետ, 31-ամյա Քեւին Անդերսոնն առաջին անգամ էր հասել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ:

Նախորդ տարի US Open-ում հաղթել էր շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան, որը վիրահատության պատճառով այս անգամ բաց թողեց մրցաշարը:

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների ցուցանիշով ռեկորդակիր է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը նվաճել է 19 տիտղոս: Ռաֆայել Նադալը երկրորդն է, իսկ եռյակը եզրափակում է ամերիկացի Պիտ Սամպրասը՝ 14 տիտղոս: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում