19:30  ,  10 սեպտեմբերի, 2017

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Մատլակովին

Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանի երկրորդ դասական պարտիայում Լեւոն Արոնյանն անակնկալ պարտություն է կրել ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովից: Հայկական շախմատի առաջատարը խաղացել է սեւերով եւ իր պարտությունն ընդունել 27-րդ քայլում:

Այսպիսով, մրցամարտի հաշիվը հավասարվեց՝ 1:1: Առաջին պարտիայում սպիտակներով հաղթել էր Լեւոն Արոնյանը: Այս զույգի հաղթողը հայտնի կդառնա թայ-բրեյքում, որը կկայանա սեպտեմբերի 11-ին:

Հիշեցնենք, որ նախորդ 2 շրջաններում Լեւոն Արոնյանը հաղթել էր հարավաֆրիկացի Դենիել Քոդերին եւ կանանց աշխարհի քառակի չեմպիոն, չինացի Հոու Յիֆանին:

Հայաստանը աշխարհի գավաթի խաղարկությունում ներկայացնում էին նաեւ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք չհաղթահարեցին առաջին շրջանի արգելքը։ Առաջին շրջանից դուրս է մնացել նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող Վարուժան Հակոբյանը։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում