22:23  ,  9 սեպտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» բավարարվեց 1 միավորով, Մխիթարյանն աչքի ընկավ առանցքային փոխանցումներով

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հանդիպում անցկացրեց «Սթոք Սիթիի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով՝ 2:2:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի կիսապաշտպան Էրիկ Շուպո-Մոտինգը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկու գոլերի դրվագներում էլ առանցքային փոխանցումները կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Առաջինի դեպքում, նա իրացրեց անկյունային հարվածը, որից հետո գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, իսկ Լուկակուի գոլի դրվագում վերջին փոխանցումը կատարեց Մխիթարյանը, սակայն բելգիացու առաջին հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը եւ միայն կրկնահարվածով Լուկակուն գրավեց դարպասը, այլապես հայ ֆուտբոլիստն իր 6-րդ գոլային փոխանցումը կատարած կլիներ ընթացիկ առաջնությունում:

84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին փոխարինեց Ջեսի Լինգարդը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով եւ գոլերի 12:2 տարբերությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 10 միավոր է վաստակել նաեւ «Մանչեսթեր Սիթին» (10:2): «Չելսին» ունի 9, «Ուոթֆորդը»՝ 8 միավոր:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Սթոք Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2

Էրիկ Շուպո-Մոտինգ, 43, 63 – Մարկուս Ռեշֆորդ, 45+1, Ռոմելու Լուկակու, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով