17:20  ,  6 սեպտեմբերի, 2017

Մեկ Մխիթարյանի հույսով ձախողած ընտրական փուլ, Պետրոսյանի անլուծելի խնդիրները (ֆոտո)

3 անընդմեջ հաղթանակ, հայկական ֆուտբոլի լեգենդ Արթուր Պետրոսյանի վերադարձը Հայաստանի հավաքական եւ թվում էր, թե ազգային թիմի համար դարձյալ սկսվում է լավ ժամանակաշրջան, սակայն հայ երկրպագուներին շուտով սպասում էր հիասթափության հերթական ալիքը:

Հայաստանի հավաքականի նախորդ 2 խաղերն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում չթողեցին ամենալավ հիշողություններ:

Ռումինիայի եւ Դանիայի հավաքականների դեմ հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանի հավաքականում կան ահռելի խնդիրներ:

Ռումինիայի հավաքականի դեմ Բուխարեստում կայացած խաղում պարտության ամբողջ մեղքը գցեցինք կարմիր քարտի վրա: Առաջին խաղակեսում կարծես վատ հանդես չեկանք, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում Տարոն Ոսկանյանի կարմիր քարտը փչացրեց ամեն բան: Կարմիր քարտով խաղալը, իհարկե, բարդ է, սակայն Ռումինիայի այս հավաքականին նույնիսկ կարելի էր հաղթել 10 խաղացողներով:

Դանիայի հավաքականն էլ Երեւանում Հայաստանի թիմին գերազանցնեց բոլոր առումներով: Ռուսլան Կորյանի խփած արագ գոլը հույսեր արթնացրեց հայ երկրպագուների մոտ, սակայն ինչ-որ բան թույլ չէր տալիս հավատալ, որ ամեն բան լավ է լինելու: Դանիացիները, լավ ծանոթ լինելով մեր թիմի բոլոր խնդիրներին, շատ հանգիստ շարունակեցին խաղը եւ տարան վստահ հաղթանակ: Այնպիսի տպավորություն էր, որ Դանիայի հավաքականը խաղում էր ուժերը խնայելով, իսկ Հայաստանի թիմը ոչինչ չառաջարկեց մրցակցին ու բաց թողեց 4 գոլ, որոնք կարող էին եւ չլինել:

Ամոթի զգացում ես ունենում, երբ տրիբունայում քո հարեւանությամբ նստած դանիացի երկրպագուներն ու լրագրողները ծիծաղում են՝ տեսնելով, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը չի կարողանում գնդակ կասեցնել, ուղիղ փոխանցում կատարել ու ցուցադրում է «անհավանական» դրիբլինգ: Երեւի, նրանք մտածում, որ փոխարենն այդ ֆուտբոլիստը շատ արագ է վազում, կամ գուցե միայն մենք ենք այդպես մտածում...

Այս 2 խաղերում հայ երկրպագուներն ավելի շատ հիասթափված էին ոչ թե Հայաստանի հավաքականի խաղից, այլ՝ Հենրիխ Մխիթարյանի: Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Ռումինիայի հավաքականի դեմ խաղից հետո նշեց, որ Մխիթարյանը կատարեց մեծ ծավալի աշխատանք, եւ եթե նայենք վիճագրությունը, ապա կտեսնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանն ամենաշատն է վազել դաշտում: Վստահ եմ, որ Պետրոսյանը նույնն անելու էր նաեւ դանիացիների դեմ խաղից հետո (թեեւ լրագրողները չհարցրին այդ մասին): Անկախ ամեն ինչից, մի բան պարզ էր ու ակնհայտ: Այս 2 խաղերում Հայաստանի հավաքականը չուներ առաջատար: Չկար մեկը, որն իր հետեւից կտաներ թիմակիցներին: Դժվար է չհամաձայնել մարզիչի հետ. այո, Մխիթարյանը կատարում է մեծ աշխատանք, ցուցադրում գրագետ ու գրեթե անսխալ ֆուտբոլ, ինչը չի կարելի ասել նրա բոլոր թիմակիցների մասին: Սակայն, արդյոք դա այն Մխիթարյանն էր, որի կարիքը դաշտում այդքան շատ ունի դժվար օրեր ապրող Հայաստանի հավաքականը: Նախորդ խաղերի ընթացքում երբեմն բարդ էր նկատել, թե որտեղ է հայկական ֆուտբոլի պարծանքը, որն իրեն բնորոշ վառ գործողություններով աչքի չէր ընկնում: Մյուս կողմից, Հենրիխին քննադատելուց առաջ պետք չէ մոռանալ, որ նա խաղում է մի հավաքականում, որի խաղացողներից շատերը խաղամակարդակով զգալիորեն զիջում են իրեն ու մրցակցին:

Ամեն դեպքում, Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ցուցադրած կառուցող ու արդյունավետ խաղն օդի ու ջրի պես պետք է Հայաստանի հավքականին, որի դռները փակ են Յուրա Մովսիսյանի ու Ռոբերտ Արզումանյանի պես ֆուտբոլիստների համար: Գոլ խփող հարձակվող ու կենտրոնական պաշտպան. երեւի, այս 2 դիրքերը դարպասապահի հետ միասին շարունակում են ամենապրոբլեմատիկը մնալ ազգային թիմին:

Դանիայի դեմ խաղից հետո պարզ դարձավ, որ դարպասապահի դիրքում խնդիրը շարունակում է անլուծելի մնալ: Գրիգոր Մելիքսեթյանը լավ տպավորություն թողեց Բուխարեստում, իսկ դանիացիների հետ խաղում շատ հարցեր թողեց անպատասխան:

Դանիայի հավաքականի դեմ խաղից հետո հայ ֆուտբոլիստներն անտրամադիր լքեցին ստադիոնը՝ չցանկանալով պատասխանել լրագրողների հարցերին եւ բացատրություններ գտնել իրենց դժգույն խաղի համար (բացառությամբ Ռուսլան Կորյանի): Երեւի, լրագրողներն էին մեղավոր, որ Հայաստանի հավաքականն այդպիսի անօգնական տեսք ուներ դաշտում:  

Անկախ ամեն ինչից, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ոչ մի դեպքում պետք է չհուսահատվի այս պարտություններից եւ շարունակի աշխատանքը: Պետրոսյանն այն մարզիչն է, որին հավատում են երկրպագուները եւ մեծ հույսեր կապում նրա հետ: Լրագրողների համար էլ այս մասնագետի հետ աշխատանքն ավելի քան հաճելի է:

Հայաստանի հավաքականը ձախողեց հերթական ընտրական մրցաշարը, որի ավարտին դեռ 2 խաղ կա: Մնում է միայն չկորցնել հավատը, որ հայկական ֆուտբոլի համար լավ օրեր դեռ գալու են:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով