14:35  ,  4 սեպտեմբերի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Բոլորը հիացած էին Մաքսիմ Մանուկյանի, Արթուր Ալեքսանյանի հնարքներով

Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի գցումները ճանաչվել են աշխարհի առաջնության ամենագեղեցիկ հնարքներ:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, որն ամփոփեց Փարիզում նախորդ ամիս կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Աշխարհի առաջնությունը մեզ համար հաջող ստացվեց: Ուրախ եմ երկու աշխարհի չեմպիոններ ունենալու համար: Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ ապացուցեց իր ամենաուժեղը լինելը: Մաքսիմ Մանուկյանի՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալը կրկնապատկեց մեր ուրախությունը:

UWW-ին Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերը դիտելուց հետո, երեւի, նորից «փոշմանի» եւ օրենքները հետ փոխի, բայց չի կարող պատկերացնել, որ նման տաղանդներ, նման մարզիկներ հազարից մեկն է լինում, որ կարողանում է նման տեխնիկական հնարքներով հասնել հաջողությունների եւ հաղթանակների:

Մաքսիմ Մանուկյանը բոլոր գոտեմարտերը հաղթել է ըմբշամարտի շատ գեղեցիկ հնարքներով՝ բոլորը ցուցադրելով գորգի վրա: Բոլորը հիացած էին Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերով: Նույնը եւ Արթուր Ալեքսանյանի գցումները: Մեզ սա ոգեւորում է: Ստացվում է, որ ամբողջ աշխարհը փորձում է գցումներ կատարել, գեղեցիկ հնարքներ իրականացնել գորգի վրա, իսկ մեր մարզիկները փայլում են գորգի վրա իրենց գցումներով եւ տարբերվում բոլոր երկրներից:

Վերադարձել ենք 2 ոսկե մեդալով: Թուրքիայի հավաքականը եւս երկու ոսկե մեդալով ավարտեց աշխարհի առաջնությունը, բայց շատ գերտերություններ մնացին առանց ոսկու եւ առանց մեդալների: Մեր մեդալներն ու մեր հաջողությունները համարում է գերազանց: Այն բացթողումները, որոնք տեղի ունեցան, գտնում եմ, որ չկա աշխատանք առանց բացթողումների: Եթե համարում ենք, որ ամեն ինչ իդեալական է, ուրեմն մեր աշխատանքը դադարեցված է: Ուրեմն միշտ պետք է աշխատենք, գտնենք մեր բացթողումները, ուղղենք մեր սխալները՝ հաջոդ անգամ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին ընդունեց նաեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը ռուսաստանաբնակ գործարար Էդգար Արամյանի կողմից նվեր են ստացել Toyota Corola մակնիշի ավտոմեքենաներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս