16:45  ,  31 օգոստոսի, 2017

Հայ դահուկավազորդները կմասնակցեն անվադահուկի օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Ամառային եղանակին դահուկավազքի Հայաստանի հավաքականը մարզվում է անվադահուկներով: Հայ դահուկավազորդները մարզվում են հիմնականում Աշոցքում: Նրանք ուսումնամարզական հավաքներ են անցկացրել նաեւ Էստոնիայում ու Նորվեգիայում: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ թիմի երկու անդամներ առաջիկա օրերին մեկնելու են միջազգային հավաքի:

«Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի ղեկավարությամբ Միքայել Միքայելյանը եւ Մարիամ Միքայելյանն Իտալիայում կմասնակցեն միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մարզումային ճամբարին: Սեպտեմբերի 3-ին Պրենտոյում (Իտալիա) մեր դահուկավազորդները կմասնակցեն նաեւ անվադահուկների աշխարհի գավաթի խաղարկության փուլին, որն օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս:

Մեր թիմի առաջատար Սերգեյ Միքայելյանն անվադահուկներով մարզումներ կանցկացնի նաեւ Հայաստանից դուրս: Նա սեպտեմբերի 16-ին կմեկնի Էստոնիա»,- ասել է Գագիկ Սարգսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում