15:27  ,  28 օգոստոսի, 2017

ՀՍՖ-ն հույս ունի, որ Կառավարությունը բախտի քմահաճույքին չի թողնի Մինսկում անգիտակից պառկած հայ մարզիկին

Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցից Հայաստանի սամբոյի ֆեդերացիային հայտնել են, որ արդեն մի քանի շաբաթ անգիտակից վիճակում գտնվող Հայաստանի հավաքականի սամբիստ Կոլյա Կարապետյանի բուժման համար անհրաժեշտ է գումար փոխանցել:

Բելառուսի  մայրաքաղաքում մայիսին անցկացված  Եվրոպայի առաջնության ժամանակ  գլխուղեղի արյան զեղում ստացած մարզիկը երկարատեւ  բուժման կարիք ունի  եւ  դեռեւս հնարավոր  չէ նրան տեղափոխել  Երեւան:

Մինսկի հիվանդանոցի վարչակազմը Կոլյայի բուժման համար պահանջում է անհապաղ վճարումներ կատարել, այլապես չեն կարող երկարաձգել Կոլյա Կարապետյանի՝ Բելառուսում մնալու կարգավիճակի միջնորդությունը: Մինչդեռ երկու երկրների միջեւ գործում է  դեռեւս 1997թ. մարտի 27-ին ստորագրված՝ «ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիներին բուժօգնության ցուցաբերելու մասին Համաձայնագիրը», որի երկրորդ հոդվածում հստակ նշված է, որ նման իրավիճակներում բուժօգնությունը տրամադրվում է անվճար՝ մինչեւ այն պահը, երբ հնարավոր է դառնում հիվանդին տեղափոխել երկրից:

Հիվանդանոցից Կոլյայի հորը, ով խնամում է որդուն, տեղեկացրել են նաեւ, որ վճարումներ չլինելու դեպքում, հիվանդին չեն կարող պահել եւ շարունակել բուժումը: Նման սպառնալիքներ նախկինում էլի են եղել, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Խնդրին տեղյակ են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում,  Ոստիկանությունում (նա կրտսեր օպեր լիազոր է), Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, Առողջապահության նախարարությունում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, Արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, բնական է, ֆինանսական միջոցներ չունի եւ չի կարող հոգալ հիվանդանոցի ծախսը, պարզապես ժամանակ շահելու համար է նախկինում երաշխավորական գրություն ուղարկել՝ համոզված, որ մեր կառավարությունը լուծում տալու է խնդրին, եւ հայ մարզիկին, որը ներկայացրել է Հայաստանը պաշտոնական մրցումների ժամանակ, եւ որի մրցելույթների պատվին Եվրոպայի առաջնությունում բարձրացվել է հայոց եռագույնը, իսկ հիմա մեր բոլորի, առաջին հերթին՝ պետության աջակցության կարիքն ունի, չի թողնելու բախտի քմահաճույքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում