17:08  ,  23 օգոստոսի, 2017

Լեւոն Ջուլֆալակյան. Երկու ոսկե մեդալը համարում եմ գերազանց արդյունք

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը հայրենիք վերադառնալուց հետո ամփոփել է Փարիզում անցկացված աշխարհի առաջնության արդյունքները. օլիմիպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգում  դարձավ աշխարհի եռակի չեմպիոն, 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալ:

«Երկու ոսկե մեդալը համարում եմ գերազանց արդյունք: Բոլոր տղաներն էլ լավ են հանդես եկել: Թերությունները կքննարկենք: Բոլորն արդեն երկար տարիներ համոզվել են եւ մեր դեմ շատ զգոն եւ ուշադիր են մրցում:

Որոշ քաշային կարգերում նորից սպասելիքներ ունեինք, բայց մեծ սպորտում լինում են վրիպումներ: Մասնագիտական հարցեր են, որոնց մասին մարզիչներով եւ մարզիկներով պետք է մտածենք:

Մաքսիմ Մանուկյանը փոխեց քաշային կարգը, քանի որ տարիներ շարունակ մարզվում էր, բայց 85 կգ քաշային կարգում հզորությունը, դիմացկությունում չէր հերիքում: Բայց ներքին համոզում ունեի, որ ավելի թեթեւ քաշում հաղթանակ կունենա: Նա կարողացավ քաշը կարգավորել եւ մի շարք ակումբային առաջնություններում նրա առավելությունը երեւում էր: Սպասումները մեծ էին նրանից:

Արթուր Ալեքսանյանը իր քաշային կարգում համարվում է լավագույնը, հարկավոր է միայն չսայթաքել, տա Աստված, որ Արթուրը առողջությունը պահի, վնասվածքներ չլինեն:

Երկրպագուներից ինչքան դրական հույզեր ենք ստանում, այդքան լավ է ստացվում: Դահլիճում շատ էին հայ երկրպագուները, կարծես՝ Հայաստանում լինեինք:

Այս մրցաշարում մրցավարական շատ կոպիտ խախտումներ չնկատվեցին: Բայց այս օրենքները շատ բացասական են: Հավասար գոտեմարտում մրցավարի դերը մեծ է: Արթուր Շահինյանի գոտեմարտը հավասար էր, մասնագիտական հայացքով մեր ըմբիշն ավելի ուժեղ էր, բայց հաղթանակը տրվեց մրցակցին: Կարեն Ասլանյանի գոտեմարտերում մրցավարական խնդիր չի եղել: Նա տեխնիկական խնդիր ունի, տարիներ շարունակ ասում ենք այդ մասին, պետք է շտկել:

Կանոնների փոփոխության համար միջազգային ֆեդերացիայում պայքար է ընթանում տարբեր կողմերից: Ամերիկացիները ճնշում են եւ փորձում են թողնել այս կանոնները, քանի որ նրանք չեն կարողանում սովորել գոտեմարտել: Շատ երկրներ պայքարում են կանոնների փոփոխության համար, բայց դեռ պարզ չէ: Շատ բացասական կլինի, եթե նման մոտեցումը մնա»,- ասել է Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցենք, որ «Զվարթնոց» օդանավակայում Հայաստանի թիմին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ, NEWS.am Sport-ը ուղիղ հեռարձակմամբ հետեւում էր աշխարհի չեմպիոնների դիմավորմանը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարն՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում