16:30  ,  23 օգոստոսի, 2017

Արթուր Ալեքսանյան. Շարունակելու եմ ձգտել նոր տիտղոսների եւ 2020թ. Տոկիոյի օլիմպիական չեմպիոնի կոչմանը (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հայրենիք վերադառնալուց հետո հայտարարել է, որ չի բավարարվելու այս տիղտոսներով եւ շարունակելու է նույն եռանդով պատրաստվել հաջորդ տարվա մրցաշարերին:

«Առաջվա կանոնները ավելի լավ էին, բայց ինչ կանոններ էլ լինեն, մարզիչների օգնությամբ կձգտենք հաղթանակի: Մաքսիմ Մանուկյանը երկար տարիներ տանջվել, աշխատել էր, արժանի էր այս տիտղոսին:

Հետագայում շարունակելու եմ ձգտել նոր տիտղոսների եւ 2020թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչմանը: Վնասվածք ունեի, բայց կարեւորը, որ շատ չխանգարեց:

Բոլոր հաղթանակները յուրահատուկ են, շատ ծանր աշխատանք է տարվել: Աշխարհի առաջնություններում հեշտ մրցակիցներ չեն լինում: Հպարտ եմ, որ դարձա աշխարհի եռակ չեմպիոն:

Շարունակելու եմ այսպես, կարեւորը՝ առանց վնասվածքների հասնենք հաջորդ Օլիմպիական խաղերին:

Հայ երկրպագուները շատ օգնեցին: Փարիզի Դահլիճի երեւի կեսը հայեր էին: Շատ ոգեւորում էին եւ ուժ էին տալիս: Կարծես՝ Հայաստանում լինեինք: Շատ շնորհակալ ենք նրանց»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմն աշխարհի առաջնությունում նվաճել է երկու մեդալ՝ երկուսն էլ ոսկե. Արթուր Ալեքսանյան, Մաքսիմ Մանուկյան:

NEWS.am Sport-ը ֆեյսբուքյան հեռարձակմամբ ներկայացնում է դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանից:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում