21:46  ,  22 օգոստոսի, 2017

ԱԱ. Կարեն Ասլանյանը չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ

Կարեն Ասլանյանը չկարողացավ նվաճել Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը:

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին:

Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարը մեկնարկեց ակտիվ։ Բայց գորգի մրցավարը երկու անգամ պասիվության նկատողություն տվեց հայ ըմբիշին եւ մեկ միավոր շնորհեց Կարեն Ասլանյանի մրցակցին։ Երկրորդ միավորը մրցավարները կրկին տվեցին ռուս ըմբիշին՝ Կարեն Ասլանյանին պասիվության նկատողություն տալով։ Երկրորդ մրցափուլում Կարեն Ասլանյանին գորգի մրցավարը մեկ միավոր տվեց, մրցակցի պասիվության համար։ Գոտեմարտի ընթացքում երկու ըմբիշներն էլ գործողություն չկատարեցին, միավորները վաստակեցին միայն մրցակցի պասիվության նկատողության շնորհիվ։ Փարիզյան մարզապալատի տրիբունաները Կարեն Ասլանյանի գոտեմարտի ընթացքում դժգոհում էին գորգի մրցավարի նկատողություններից, քանի որ ռուս ըմբիշը երկար պասիվություն էր ցույց տալիս, բայց մրցավարներն անուշադրության մատնեցին եւ հաղթանակը շնորհեցին ռուս ըմբիշին։

Հիշեցնենք, որ Կարեն Ասլանյանտ պարտվել էր հարավկորեացի Հանսու Ռյուին, որը հասել է եզրափակիչ՝՝ հնարավորություն տալով Հայաստանի ներկայացուցչին սփոփիչ գոտեմարտում շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար:

Կարեն Ասլանյանը սփոփիչ գոտեմարտում տպավորիչ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Քամրան Մամադովի նկատմամբ՝ 7:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում