21:44  ,  19 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Հայաստանի հավաքականը պարտվեց եւ դուրս մնաց պայքարից

2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին տուրում բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի թիմին եւ պարտություն կրեց 66:83 հաշվով:

Հայաստանի թիմը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ երկրորդ ուղեգիրը նվաճեցին բոսնիացները:

Հանդիպմանը հետեւել է նաեւ NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանը.

«Երեւանի նախկին «Միկա» մարզահադահլիճը երեւի այսքան շատ երկրպագուներ չէր հյուրընկալել: Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա խաղի ընթացքում մարզադահլիճում ասեղ գցելու տեղ չկար, տրիբունաները լեփ-լեցուն էին: Իսկ երկրպագուներն ուղղակի պայթեցնում էին դահլիճը, երբ մրցակցի զամբյուղի մոտ Հայաստանի բասկետբոլիստներն էին:

Հայաստան- Բոսնիա եւ Հերցեգովինա խաղը անցավ գերլարված մնթոլորտում: Խաղի մեկնարկը Հայաստանի հավաքականի համար անհաջող եղավ, սակայն մի քանի գնդակ մեր զամբյուղում բաց թողնելուց հետո Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները կարծես նոր թափ հավաքեցին:

Նիկշա Բավցեւիչը վերջին կարեւոր խաղում խաղահրապարակ էր հանում բոլոր բասկետբոլիստներին: Այսօր պահեստային նստարանում ոչ ոք անգործ չմնաց: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նյարդերը լարած անհանգիստ շրջում էր տեղում: Խաղի մեկնարկում Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի բասկետբոլիստները հանգիստ եւ վստահ տեսք ունեին, կարծես կասկած անգամ չունեին, որ կարող են Հայաստանի հավաքականին հաղթել նաեւ Երեւանում: Բայց մեծ ընդմիջումից առաջ արդեն հյուրերը սկսեցին անհանգստանալ, թիմի մարզիչը՝ եւս:

Թիմերը մեծ ընդմիջման գնացին 41:44 հաշվով՝ հյուրերի առավելությամբ:

Հայաստանի թիմը գերլարված ու դիտարժան խաղ ցույց տվեց «Միկա» մարզահամալիրում: Խաղը մեծամասամբ իր վրա էր վերցրել ամերիկացի Ռայան Բոաթրայթը: Հայաստանի թիմի անդամները եւս կարծես նրան էին հիմնականում վստահում գնդակը: Իսկ երբ գնդակը հայտնվում էր Բոաթրայթի ձեռքին, մրցակցի զամբյուղի գրավումն ապահովված էր:

Բակսետբոլիստները իրենց վստահ են զգում, մասնավորապես երբ այսօրինակ աջակցություն են տեսնում երկրպագուների կողքից: Հավաքականի գլխավոր մարզիչը նախորդ տնային հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում պարբերաբար դժգոհություն էր հայտնում, որ կիսով չափ են լցված տրիբունաները:

Մարզապալատում  այնպիսի մթնոլորտ էր ստեղված, որ բասկետբոլիստները խաղում էին երկրպագուների համար, քանի որ նրանց իսկապես դուր էր գալիս ամեն անգամ մրցակցի զամբյուղը գրավելուց դահլիճում առաջացող ուրախության բղավոցների ու ծափերի ալիքը:

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա խաղի ընթացքում երկրպագուների հետ Հայաստանի թիմին աջակցում էին նաեւ ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ  ակումբը:

Խաղի ամբողջ ընթացքում ՖԱՖ-ի տղաները վանկարկում էին «Հայաստան, առաջ»,  «Հայաստան, հուպ տուր», երգում իրենցհեղինակած երգերը կամ բացականչում բասկետբոլի Հայաստանի թիմի անդամների անունները:

Մեծ ընդմիջումից հետո խաղի ընթացքը հաջող չստացվեց Հայաստանի թիմի համար: Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմը խոշոր միավորներով առաջ անցավ հաշվի մեջ: Հայաստանի թիմի անդամներն ամեն ինչ փորձում էին անել հաշիվը մոտեցնելու համար:  Ինչպես բասկետբոլիստները, այնպես էլ երկրպագուները չէին համակերպվում պարտության հետ, տրիբունաներում զայրույթն ու լարվածությունը գնալով մեծանում էր: Երկրպագուներից մեկը ճայթրուկ վառեց եւ ցանկանում էր նետել խաղահրապարակ: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես մոտեցան երկրպագուներին եւ պահանջեցին մարել դրանք:

Իսկ երբ ավարտվեց խաղը, մարզիկները դեռ դահլիճը չլքած, ոմանք դատարկ շշեր նետեցին խաղահրապարակ: Երբ Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները շնորհակալություն հայտնեցին երկրպագուներին աջակցության համար եւ հեռացան խաղադաշտից, երկրպագուների միջեւ կռիվ ծագեց. պատճառն առանց զգուշացնելու ֆայերներ վառելն էր եւ դատարկ շշերը խաղադաշտ նետելը:

Մարզադահլիճից դուրս Հայաստանի բասկետբոլիստներին ծափերով դիմավորեցին, բասկետբոլիստները հանեցին իրենց շապիկները եւ նվիրեցին հավաքված երկրպագուներին:

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները ԱԱ-2019 ընտրական փուլում»:

A խմբի վերջին տուրի մյուս խաղում Շվեդիան ընդունեց Սլովակիային եւ հաղթեց 86:82 հաշվով՝ ապահովելով առնվազն երկրորդ տեղ եւ հաջորդ փուլի ուղեգիր:

ԱԱ-2019, ընտրական մրցաշար, նախնական փուլ

A խումբ, 6-րդ տուր

Հայաստան – Բոսնիա-Հերցեգովինա՝ 66:83 (25:24, 16:20, 21:21, 4:18)

Շվեդիա - Սլովակիա՝ 86:82 (17:20, 27:19, 23:17, 19:26)

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ հինգ տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել էր Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել էր Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել էր շվեդներին: 

Հայաստանի հավաքականը կազմավորվել է այս տարի եւ առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում