17:19  ,  19 օգոստոսի, 2017

«Յունայթեդը» կրկին հաղթեց՝ 4:0, Մխիթարյանը կրկին կատարեց 2 գոլային փոխանցում

Անգլիայի առաջնության երկրորդ տուրը մեկնարկեց «Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղով: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մեկնարկային տուրում «Վեստ Հեմի» նկատմամբ 4:0 հաշվով տպավորիչ հաղթանակից հետո Ուելսում դարձյալ հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ հանդիպումն անընդմեջ երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 85-րդ րոպեին:

Հյուրերի առաջին գոլը առաջին խաղակեսի վերջին րոպեին խփեց կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բային, որն առաջինը հասավ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հարվածից հետո դարպասային գծից հետ եկած գնդակին:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդը» չորս րոպեում երեք գոլ խփեց: Երկու դեպքում գոլային փոխանցումները կատարեց Մխիթարյանը: Աչքի ընկան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն եւ Պոլ Պոգբան: Լեհ Լուկաշ Ֆաբիանսկու պաշտպանած դարպասը գրավեց նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, որին արդյունավետ փոխանցում կատարեց Պոգբան:

«Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:4

Էրիկ Բայի, 45, Ռոմելու Լուկակու, 81, Պոլ Պոգբա, 82, Անտոնի Մարտիալ, 84

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով