16:55  ,  18 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Բոսնիա - Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից

Բոսնիա եւ Հերցեգովինան շատ լավ թիմ է ու տհաճ մրցակից, ասել է բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը, որի ղեկավարած թիմը պատրաստվում է 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի վերջին հանդիպմանը:

«Մենք մեծ խնդիր ենք ունեցել Բոսնիայում: Վաղը մեզ համար հավելյալ ճնշում կլինի, քանի որ վերջին եւ որոշիչ խաղն է: Բոսնիացիները միջազգային ավելի մեծ փորձ ունեն, քան մենք: Բայց, մյուս կողմից մեզ կօգնի մեր երկրպագուների աջակցությունը: Հույս ունեմ, որ մարզադահլիճը լեփ-լեցուն կլինի, որովհետեւ այս խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում: Բոսնիա եւ Հերցեգովինայի բասկետբոլիստ Ջանան Մուսան NBA-ի ապագա խաղացող է: Նախորդ հանդիպմանը նա մեզ համար շատ խնդիրներ էր ստեղծել: Մեր թիվ մեկ առաջադրանքներից է՝ կանգնեցնել այդ տաղանդին:

Բոսնիայի գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշեւիչը առողջական խնդիրներ ունի եւ չի կարողացել գալ խաղին: Նրա բացակայությունը կազդի թիմի մոտիվացիայի վրա: Բայց նա նախապես պատրաստել է իր թիմին»,- Բավցեւիչի խոսքը մեջբերում է armnoc.am-ը:

A խմբի վերջին տուրի Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին, նախկին «Միկա» մարզադահլիճում եւ կմեկնարկի 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ հինգ տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել է Սլովակիային (92:78), Ուպսալայում 70:93 հաշվով պարտվել է շվեդներին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում