22:49  ,  16 օգոստոսի, 2017

ԱԱ-2019. Հայաստանի հավաքականը պարտվեց Շվեդիայում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի 5-րդ տուրում հյուրընկալվեց Շվեդիայի հավաքականին եւ պարտություն կրեց 70:93 հաշվով:

Առաջին երկու քառորդներում Հայաստանի թիմը պարտվեց 23:10 եւ 33:22 հաշվով: Մեծ ընդմիջումից հետո խորվաթ Նիկշա Բավցեւիչի գլխավորած թիմը կարողացավ հավասարեցնել խաղը՝ 18:17, 20:20: Բայց առաջին կեսում կորցրածը հետ բերել չստացվեց:

A խմբի 5-րդ տուրի մյուս խաղում Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականը հյուրընկալվելիս 92:74 հաշվով հաղթեց Սլովակիայի թիմին:

Բոսնիան, Հայաստանը եւ Շվեդիան ունեն 8-ական միավոր, Սլովակիան՝ 6:

Օգոստոսի 19-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի հավաքականը կընդունի Բոսնիա-Հերցեգովինայի թիմին, շվեդները տանը կմրցեն Սլովակիայի հավաքականի հետ: Ընտրական մրցաշարի հիմնական փուլի երկու ուղեգրերի հասցեատերերը A խմբում հայտնի կդառնան միայն վերջին տուրի հանդիպումների արդյունքում: Հաջորդ փուլ դուրս գալու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ է հաղթանակ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ չորս տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ է տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) նկատմամբ, Սարաեւոյում պարտվել է Բոսնիա-Հերցեգովինային (85:98), Բրատիսլավայում հաղթել է Սլովակիային (92:78):

ԱԱ-2019. Ընտրական մրցաշար, նախնական փուլ

A խումբ, 5-րդ տուր

Շվեդիա - Հայաստան՝ 93:70 (23:10, 33:22, 17:18, 20:20)

Սլովակիա – Բոսնիա-Հերցեգովինա՝ 74:92 (22:30, 23:25, 8:25, 21:12)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում