19:48  ,  16 օգոստոսի, 2017

Ռումինիա - Հայաստան. Հայ երկրպագուներին տոմսերը կվաճառվեն 3.30 եվրոյով

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ռումինիա - Հայաստան հանդիպման տոմսերը հայ երկրպագուները կկարողանան ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, եւ սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչեւ հանդիպման մեկնարկը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ: Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաեւ 125, 355 եւ 357 սեկցիաները: Տոմսերի արժեքն է 15 ռումինական լեյ (3.30 եվրո, Հայաստանի ԿԲ-ի փոխարժեքով 1 լեյը հավասար է 122 դրամի): Տոմսերը գնելիս անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելը պարտադիր է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում