17:50  ,  16 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ․Հաղթանակը Շվեդիայի նկատմամբ կերաշխավորի մեր տեղը հաջորդ փուլում

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը պատմել է, որ 2019թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հիմնական մրցաշարի ուղեգիր նվաճելու համար թիմին բավարար կլինի օգոստոսի 16-ին կայանալիք արտագնա խաղում հաղթել Շվեդիայի հավաքականին, փոխանցում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

«Հաղթանակի դեպքում մենք կերաշխավորենք մեր տեղը հաջորդ փուլում։ Դեռ ավելին, հաղթանակը թույլ կտա մեր ենթախմբում առաջին տեղում հայտնվելու շատ մեծ շանսեր ստանալ։

Արդեն նշել եմ, որ մեր խմբում բոլոր խաղերը չափազանց մեծ նշանակություն ունեն, քանի որ բավական հավասար խումբ է՝ անկանխատեսելի խաղերով։

Շվեդիայի հավաքականը մեծ հարգանքի արժանի մրցակից է, որն ինձ համար ամենաուժեղ մրցակիցն է այս խմբում։ Շվեդներն արդեն 5-6 տարի է խաղում են նույն մարզիչի՝ Վեդրան Բոսնիչի գլխավորությամբ։ Շվեդիայի ներկայիս կազմը միջազգային խաղեի բավական մեծ փորձ ունի։ Որպես թիմ, նրանք շատ լավ են պաշտպանվում եւ հարձակվում, քանի որ վաղուց են խաղում միասին։ Իհարկե, Շվեդիան էլ ունի թույլ կողմեր, որոնցից մենք կփորձենք հնարավորինս արդյունավետ օգտվել առաջիկա խաղում։

Ուրախ եմ, որ առանց կադրային կորուստների ենք մոտենում խաղին։ Սա առաջին դեպքն է, երբ կորուստներ չունենք։ Երեւանում կայացած առաջին 2 խաղերին վնասվածք ուներ Ալբերտ Թադեւոսյանը, ապա Բոսնիայի խաղը վնասվածքի պատճառով բաց թողեց Ալան Հեսը։ Նախորդ տուրում էլ Չրաբաշը ոչ լրիվ ուժով խաղաց Սլովակիայի դեմ։ Հուլիսին կայացած ընկերական խաղերին էլ մենք մասնակցել ենք կորուստներով։

Հույս ունեմ, որ վաղվա խաղին բոլորն էլ իրենց կարողությունները ցույց կտան։ Արդեն 3 օր է Շվեդիաում ենք եւ այս ընթացքում փորձել ենք թիմին վերականգնել։ Հուլիսի սկզբից տղաները հավաքականում են եւ արդեն մեծ ծանրաբեռնվածություն կա նրանց մոտ։ Սա նաեւ մեր հավաքականի առաջին միջազգային փորձն է։ Տղաներից շատերը նախկինում հանդես չէին եկել նման մակարդակում, իսկ այժմ 18 օրվա ընթացքում 6 կարեւոր խաղն ունեն»։

Շվեդիա - Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին եւ կհեռարձակվի YouTube-ում Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական ալիքով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում