23:45  ,  15 օգոստոսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական ակումբի նորեկներ, շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի, սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի եւ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին:

«Մեր կազմը համալրել են շատ բարձրակարգ խաղացողներ: Մատիչը կատարում է հսկայական աշխատանք, յուրաքանչյուր դրվագում պայքարում է գնդակի համար: Լուկակուն ունի գոլային բարձր արդյունավետություն, իսկ Լինդելյոֆը դեռ կստանա դրսեւորվելու իր շանսը: Նրանք հրաշալի ձեռքբերումներ են եւ կօգնեն մեզ: Անկեղծ ասած, զարմացած եմ, որ «Չելսին» վաճառեց Մատիչին: Բայց նաեւ ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության առաջին տուրում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 4:0 հաշվով հաղթել է «Վեստ Հեմին»: Մխիթարյանը դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ: Լուկակուն խփել է երկու գոլ, իսկ Մատիչը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող երկրպագուների քվեարկությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում