17:20  ,  15 օգոստոսի, 2017

Գարի Կասպարովը մտադիր չէ վերսկսել կարիերան

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտարարել է, որ մտադիր չէ վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան եւ Սենթ Լուիսի մրցաշարից հետո այլ մրցաշարերի չի մասնակցելու։

«Միշտ լավատես եմ, բայց 54 տարեկանում 15 տարվա վաղեմության շախմատային մարզավիճակ վերադարձնելու շանսը նույնքան քիչ է, որքան 20 տարեկան երիտասարդի սանրվածք ունենալը։ Մտադիր չեմ Սենթ Լուիսից հետո հանդես գալ այլ մրցաշարերում։ Պարզապես Սենթ Լուիսը առանձնահատուկ վայր է ինձ համար եւ ուրախ էի օգտվել մրցաշարի կազմակերպիչների եւ իմ ընկեր Ռեքս Սինքֆիլդի հրավերից։ Բայց դա չի նշանակում, որ վերսկսում եմ կարիերաս, ընդամենը վերադարձել եմ հինգ օրով։

Մարդու իրավունքների պաշտպանությունը, դասախոսությունները, իմ հիմնադրամի միջոցով շախմատի տարածումը, ժամանակն ընտանիքիս հետ՝ այդ ամենն է իմ կյանքը եւ ռիսկի չեմ դիմի կորցնել այդ ամենը։

Այս մրցաշարում ստացած պարգեւավճարը կհատկացնեն Աֆրիկայում շախմատի զարգացմանը, ինչով վերջին տարիներին զբաղվում ենք ես եւ իմ կինը»,- Ֆեյսբուքում գրել է Կասպարովը։

Հիշեցնենք, որ Սենթի Լուիսի մրցաշարի չորրորդ տուրում Կասպարովը օգոստոսի 15-ին կմրցի Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում