10:03  ,  15 օգոստոսի, 2017

Սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, սակայն դեռ հնարավոր չէ Մինսկից տեղափոխել Հայաստան

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ բազմաթիվ հեռախոսազանգեր,  նամակներ ու հարցումներ են ստանում Հայաստանի հավաքականի մարզիկիներից Կոլյա Կարապետյանի առողջական վիճակի մասին եւ տարածել են հաղորդագրություն՝ շնորհակալություն հայտնելով բոլոր անհատներին ու կազմակերպություններին, ովքեր մտահոգ են Կոլյայի ճակատագրով եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել:

2017 թ. մայիսի 18-ից  22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացված սամբոյի Եվրոպայի առաջնությունում Կոլյա Կարապետյանը մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ, սակայն գոտեմարտերից հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատանացել էր եւ շտապ օգնությամբ տեղափոխվել էր հիվանդանոց, ենթարկվել վիրահատության: Ըստ բժիշկների, մարզիկի մոտ արձանագրվել էր գլխի շրջանում արյան զեղում, ինչը ստացած հարվածների հետեւանք էր:

Կոլյայի կյանքը փրկելու համար հաջորդ օրը կատարվեց նաեւ երկրորդ վիրահատությունը, ավելի ուշ՝ երրորդը, չորրորդը:  Մինսկում մոտ երկու շաբաթ մնաց նաեւ նրա անձնական մարզիչ Էդուարդ Ասլանյանը, շտապ ժամանեցին հայրն ու եղբայրը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները, քանի որ Կոլյան ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ /հատուկ/ վարչության 2-րդ բաժնի կրտսեր օպեր լիազոր է, ոստիկանության ավագ սերժանտ, որոշակի ֆինանսական ծախսեր կատարեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, իրենց քաջալերանքը հայտնեցին Բելառուսում ՀՀ դեսպանատունն ու հայկական համայնքը,  Մինսկ մեկնեց նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ճիշտ է, Մինսկի քաղաքային շտապ օգնության հիվանդանոցի հոգատար ու արհեստավարժ բուժանձնակազմի ջանքերով Կոլյա Կարապետյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, բայց նա երկարատեւ բուժման կարիք ունի եւ դեռեւս հնարավոր չէ տեղափոխել Երեւան:

Խնդրին տեղյակ են Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, Ոստիկանությունում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, Առողջապահության նախարարությունում, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում