15:14  ,  12 օգոստոսի, 2017

Նիկշա Բավցեւիչ. Մենք այս պահին լավ իրավիճակում ենք

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչն անդրադարձել է Սոլվակիայի թիմի դեմ 2019թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղին, որը կկայանա օգոստոսի 12-ին՝ Երեւանի ժամանակով 22:00-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

«Առաջիկա հանդիպումը շատ կարեւոր է մրցող թիմերի համար։ Կարծում եմ, որ հաղթանակի դեպքում մենք գործնականում կապահովենք մեր տեղը հաջորդ փուլում։ Բավական հավասար խումբ է, որտեղ տանտերերը հաղթել են բոլոր խաղերում։ Մենք այս պահին լավ իրավիճակում ենք, քանի որ հաղթել ենք տնային 2 խաղերում։ Չորրորդ տուրի մյուս խաղում Բոսնիա եւ Հերցեգովինան հյուրընկալելու է Շվեդիային։ Այս տուրից հետո կստանանք շատ հարցերի պատասխաններ։

Սլովակիայի հավաքականին լավ ենք ծանոթ, քանի որ օգոստոսի 2-ին մրցել ենք նրանց հետ Երեւանում։ Ունեն հավասար կազմ, որտեղ առանձնանում է Ռանչիկը՝ Սլովակիայի պատմության լավագույն բասկետբոլիստը։ Եթե Սլովակիան պարտվի, ապա 90 տոկոսով դուրս կմնա հետագա պայքարից, ուստի սա նրանց համար լինել կամ չլինելու խաղ է։

Ցավոք, մենք որոշակի կադրային խնդիրներ ունենք։ Ալան Հեսը վնասվածքի պատճառով չմասնակցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին։ Նա սկսել է մարզվել եւ խաղը ցույց կտա, թե որքանով է վերականգնվել։ Վերջին խաղում գլխին հարված էր ստացել Անդրանիկ Չրաբաշը եւ նրա մասնակցությունը հարցականի տակ է։ Խաղից առաջ կտեսնենք, թե արդյոք Չրաբաշը պատրաստ է հանդիպմանը:

Եթե մենք ցանկանում ենք հաղթել, ապա չպետք է թույլ տանք մրցակցին վաստակել 70-ից ավել միավոր։ Պետք է պաշտպանությունում շատ ուշադիր լինենք եւ առավելագույնս կենտրոնացած գործենք»,- խորվաթ մասնագետի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2019-ի նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը տնային հաղթանակներ էր տարել Սլովակիայի (75:61) եւ Շվեդիայի (82:69) թիմերի նկատմամբ եւ պարտվել Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին (85:98):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս