17:40  ,  11 օգոստոսի, 2017

Նադալին հաղթած 18-ամյա թենիսիստը դարձել է «Մասթերսների» 1/4 եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Մոնրեալում ընթացող թենիսի Rogers Cup մրցաշարի երրորդ շրջանում սենսացիոն պարտություն է կրել Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովից։ 2 ժամ 45 րոպե տեւած մրցախաղում Ուիմբլդոն-2016-ի պատանեկան մրցաշարի հաղթողն առավելության է հասել 3 սեթում՝ 3։6, 6։4, 7։6։

Այդ հաղթանակից հետո 18-ամյա Շապովալովը դարձել է «Մասթերս» շարքի մրցաշարերի քառորդ եզրափակիչի ամենաերիտասարդ մասնակիցը, հայտնում է АТР-ի կայքը։

Մոնրեալում նա պայքարից դուրս էր թողել նաեւ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին։ Դենիս Շապովալովի մրցակիցը Rogers Cup-ի քառորդ եզրափակիչում կլինի ֆրանսիացի Ադրիան Մանարինոն։

Հիշեցնենք, որ Մոնրեալի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու դեպքում Ռաֆայել Նադալը կշրջանցեր բրիտանացի Էնդի Մարեյին եւ կդառնար աշխարհի առաջին ռակետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում