16:20  AMT,  10 օգոստոսի, 2017

Վարազդատ Հարոյան. Չհասկացա, թե ինչու «Քյոլնը» պայմանագիր չառաջարկեց ինձ

Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է ռուսական ակումբում հարմարվելու, գերմանական «Քյոլնում» անցած փորձաշրջանի եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին:

«Առաջարկներ ունեի նաեւ եվրոպական առաջնություններից, սակայն «Ուրալի» տարբերակն ինձ համար առաջնային էր: Այդ առաջնությունները զիջում էին Ռուսաստանի Պրեմյեր լիգային: Առաջարկներից մեկը Կիպրոսից էր, սակայն դա ոչ մի կերպ չէր համապատասխանում իմ ամբիցիաներին:

Էդգար Մանուչարյանն ինձ պատմել էր «Ուրալի» մասին, իսկ ակումբի ներկայացուցիչներն ինձ արդեն հրավիրել էին փորձաշրջանի: Էդգարի հետ վաղուց ենք ծանոթ, եւ ինձ համար մեծ երջանկություն է, որ «Ուրալում» խաղում է իմ հայրենակիցը: Դա ինձ կօգնի ավելի արագ հարմարվել կոլեկտիվին: Երբ ինձ պայմանագիր առաջարկեցին երկշաբաթյա հավաքից հետո, երկար չմտածեցի, քանի որ սա քայլ առաջ է իմ կարիերայում:

«Փյունիկի» գլխավոր թիմում անցկացրածս առաջին տարում այնտեղ Հայաստանում վերջին մրցաշրջանն էր անցկացնում Հենրիխ Մխիթարյանը: Հենրիխն առանձնանում էր իր տեխնիկայով ու արագությամբ, մարզումներին աշխատում էր մյուսներից ավելի ջանասիրաբար: Զարմացած չեմ, որ հիմա նա խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում»: 

2012-ին «Քյոլնը» հետաքրքրված էր իմ ծառայություններով, եւ ես նույնիսկ փորձաշրջանի մեկնեցի Գերմանիա: Մի քանի օր մարզվեցի գլխավոր թիմի հետ, ամեն բան կարգին էր, սակայն ինձ այդպես էլ չառաջարկեցին պայմանագիր: Եթե անկեղծ, չհասկացա, թե ինչու: Դրանից հետո ես փորձաշրջան անցա նաեւ «Ռոստովում»: Ռուսական թիմը ցանկանում էր պահել ինձ, բայց չկարողացավ ֆինանսական հարցով փոխհամաձայնության գալ «Փյունիկի» հետ: Եղավ նաեւ «Ակտոբեի» տարբերակը: Ես մեկ շաբաթ Ղազախստանում էի, բայց այնտեղ ոչինչ չստացվեց եւ վերադարձա Երեւան:

Արթուր Պետրոսյանի գալուց հետո Հայաստանի հավաքականում մթնոլորտը փոխվեց դեպի լավը: Նա գիտի ֆուտբոլիստներից շատերին, բոլորի հետ մշտապես հաղորդակցվում է: Նա միանգամից հասկացնել տվեց, թե ինչ է մեզանից պահանջում դաշտում: «Ուրալ» տեղափոխվելուց առաջ չեմ խորհրդակցել Արթուր Պետրոսյանի հետ»,- Հարոյանի խոսքը մեջբերում է «Ուրալի» կայքը:

Ռուսաստանի առաջնության մեկնարկային 5 տուրերում Վարազդատ Հարոյանը մասնակցել է 4 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ: 24-ամյա պաշտպանն անցած մրցաշրջանն անցկացրել էր Իրանի «Փադիդեի» կազմում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...