14:43  ,  8 օգոստոսի, 2017

Վարազդատ Հարոյանը եւ Դավիդ Յուրչենկոն՝ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում

Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը եւ «Տոսնոյի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն Rusfootball.info-ի վարկածով ընդգրկվել են ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Հայ պաշտպանը «Կրասնոդարի» դեմ խաղում հաշիվը բացեց 15-րդ րոպեին եւ «Ուրալին» օգնեց հաշվի մեջ առաջ լինել մինչեւ 94-րդ րոպեն, երբ «Ուրալի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Միայն այդ պատճառով Հարոյանի գոլը հաղթական չեղավ, իսկ պաշտպանն իր հաշվին չգրանցեց «չոր» հանդիպում»,- Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին գրում է կայքը:

«Տոսնոն» Պրեմյեր լիգայում տարավ առաջին հաղթանակը, սակայն այն տեղի չէր ունենա, եթե չլիներ դարպասապահի սեյվը Ջորջեւիչի իրացրած 11 մետրանոցից հետո: Բերխամովի հիասքանչ հարվածից հետո Յուրչենկոն ոչինչ անել չէր կարող, այնպես որ նա, միանշանակ, «Տոսնոյի» պատմական խաղի գլխավոր հերոսներից էր»,- Դավիդ Յուրչենկոյի մասին գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ուրալը» 1:1 հաշվով էր ավարտել «Կրասնոդարի» դեմ արտագնա հանդիպումը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին, իսկ «Տոսնոն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել էր Տուլայի «Արսենալին»: Վարազդատ Հարոյանն առաջին գոլն էր խփել «Ուրալի» կազմում ու Ռուսաստանի առաջնությունում, իսկ Դավիդ Յուրչենկոն 69-րդ րոպեին 11 մետրանոց հարված էր հետ մղել 2:1 հաշվի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով