19:58  ,  6 օգոստոսի, 2017

Մալխաս Ամոյանը բաց թողեց աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչումը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն:

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտին մոտեցող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը պարտվեց իրանցի Ամին Կավիյանինեջադին՝ 3:3:

Առաջին մրցափուլն ավարտվեց 1:1, իսկ երկրորդում Մալխաս Ամոյանը կարողացավ գցել մրցակցին եւ վաստակել եւս 2 միավոր: Գոտեմարտի ավարտից 55 վայրկյան առաջ իրանցի ըմբիշը մրցակցին հրեց գորգից, իսկ Ամոյանը ստացավ նաեւ զգուշացում, ինչից հետո Ամին Կավիյանինեջադին շնորհվեց 2 միավոր: 3:3 հաշիվը պահպանվեց մինչեւ գոտեմարտի ավարտը, եւ հաղթանակի արժանացավ իրանցի ըմբիշը:

Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանը մեկնարկել էր որակավորման փուլից եւ, հաղթելով մոլդովացի Վալենտին Պետիչին (9:0), ուկրաինացի Անդրի Պարցեին (8:0), ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1) եւ թուրք Մուրատ Ֆիրատին (3:3), դուրս էր եկել եզրափակիչ:

3 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում պարտություն կրած Տիգրան Մինասյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 2:3 հաշվով պարտվեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաեւին:

Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը՝ օգոստոսի 6-ին, պայքարի մեջ էր մտել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը (120 կգ), որը մեկնարկել էր 2 հաղթանակով, բայց քառորդ եզրափակիչում պարտվել էր ռուս ըմբիշին եւ լքել պայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում նախօրեին հանդես էին եկել նաեւ Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Արման Բաղդասարյանը (74 կգ), որոնք մեդալ չէին նվաճել:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Տամպերեում ելույթն ավարտել էր 2 մեդալով: 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը դարձել էր աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, իսկ Արսեն Հարությունյանը (55 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում