15:11  ,  27 հուլիսի, 2017

«Միլանը» Ռոնալդուի վերաբերյալ տեղեկատվություն է խնդրել նրա գործակալից

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաակտիվ ակումբներից «Միլանը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով:

Goal.com-ի համաձայն՝ իտալական ակումբի ներկայացուցիչները Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշից տեղեկություն են հարցրել 32-ամյա ֆուտբոլիստի ու Արքայական ակումբում նրա կարգավիճակի վերաբերյալ: «Միլանի» ներկայացուցիչները Մենդեշի հետ հանդիպել են Մյունխենի «Բավարիայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանչեշի տրանսֆերի համար, սակայն բանակցել են նաեւ Ռոնալդուի հարցով:

Հիշեցնենք, որ վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո խոսվում է Պորտուգալիայի հավաքականի ավագի՝ Իսպանիայից հեռանալու հավանականության մասին: Նախօրեին Ռոնալդուն հայտարարել էր, որ ցանկանում է նոր տիտղոսներ նվաճել Արքայական ակումբի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում