23:28  ,  21 հուլիսի, 2017

Մոուրինյո. Երջանիկ եմ ունենալ Լուկակուի նման հարձակվողի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է թիմի նախապատրաստական փուլը, որը շարունակվում է ԱՄՆ-ում:

«Իմ թիմը հոգնել է, բայց մրցաշրջանի մեկնարկին պետք է պատրաստվել աշխարհի լավագույն թիմերի հետ ստուգողական հանդիպումներով:

Երջանիկ եմ ունենալ Լուկակուի նման հարձակվողի: Նա ընդամենը 10 օրում ընհանուր լեզու է գտել թիմակիցների հետ: Դա ֆանտաստիկ է: Շատ ուրախ եմ, որ Լուկակուն ու Լինդելյոֆը թիմին միացան նախապատրաստական փուլում:

Իհարկե, ցանկանում եմ այս պահին տեսնել բոլոր նորեկներին, բայց գիտեմ, թե ինչքան բարդ է տրանսֆերային գործընթացը: Բայց մենք չենք կարող սպասել, քանիո որ մեր մրցակիցները վարում են ակտիվ տրանսֆերային քաղաքականություն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Հյուսթոնում տեղի ունեցած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Նախորդ 2 ընկերական խաղերում Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել էր MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1): 2 խաղերում էլ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Հուլիսի 26-ին անգլիական ակումբի մրցակիցը կլինի «Բարսելոնան»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում