19:49  ,  21 հուլիսի, 2017

Վիկեն Էսկիջյան․ Տղաները գիտակցում էին, որ պետք է անպայման հաղթել Ադրբեջանին

Տղաները գիտակցում էին, որ Ադրբեջանի դեմ խաղի նկատմամբ շատ մեծ հետաքրքրություն կա եւ պետք է անպայման հաղթենք, ասել է բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Ադրբեջանի նկատմամբ 82։80 հաշվով տարած հաղթանակից հետո ՀԲՖ մամուլի քարտուղարության:

«Խաղից առաջ ահռելի լարվածություն կար թիմում։ Որքան էլ փորձել էինք լարվածությունը հանել, բայց չէր ստացվել, քանի որ բոլորն այս խաղի մասին էին խոսում, անընդհատ զանգեր էինք ստանում տարբեր տեղերից։

Խաղի մասին բարդ է խոսելը, քանի որ այսօր խաղադաշտում տեսանք պայքար եւ միայն պայքար։ Խաղասկզբում մենք լավ առավելություն ստացանք եւ կարող էինք ընդմիջման գնալ զգալի տարբերությամբ, սակայն անհասկանալի խախտումներ ստացավ մեր միակ կենտրոնականը՝ Սթիվեն Էնոչը, որին ստիպված էինք փոխարինել։ Էնոչի փոխարինումը թույլ տվեց մրցակցին հավասարվել մեզ։

Ընդհանրապես, մրցավարության վերաբերյալ մի շարք հարցեր առաջացան։ Այնպիսի տպավորություն էր, որ ցանկանում են Էնոչին հեռացնել խաղից։ Փաստորեն, մենք խաղի գրեթե կեսը խաղացինք առանց մեր կենտրոնականի:

Շատ ուրախ եմ, որ չնայած այս բարդություններին, մենք ի վերջո հաղթեցինք եւ ուրախություն պարգեւեցինք հայ ժողովրդին։ Մենք միասնական էինք եւ դրա համար էլ հաղթեցինք։ Շնորհակալ եմ տղաներին, ովքեր ջանք չխնայեցին հաղթանակի համար»,- ասել է մարզիչը։

Հուլիսի 23-ին Հայաստանի հավաքականը կխաղա 17-րդ տեղի համար: Մրցակիցը կլինի Իռլանդիա - Մալթա զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում