13:42  ,  21 հուլիսի, 2017

Մոուրինյո. «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը շատ լավ մարզում էր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակը:

«Սա շատ լավ մարզում էր, այն, ինչ մենք պատկերացնում էինք նախամրցաշրջանային պատրաստությունը ծրագրելիս: 2 խաղ MLS-ի թիմերի հետ, հետո 3 հանդիպում աշխարհի լավագույն ակումբների դեմ:

Ակնհայտ է, որ «Մանչեսթեր Սիթին» MLS-ի թիմերից ուժեղ է: Այս խաղում մեզանից պահանջվում էր ավելի շատ ինտենսիվություն, կենտրոնացվածություն եւ խաղի բարձր որակ: Սա լավ հանդիպում էր: Խաղացողները հոգնեցին, բայց ես գոհ եմ: Կարծում եմ՝ Խոսեպ Գվարդիոլան եւս գոհ է»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ Հյուսթոն քաղաքում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2:0 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 62 րոպե եւ դարձել գոլային փոխանցման հեղինակ:

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 23-ին՝ մրցելով Մադրիդի «Ռեալի» հետ: Հուլիսի 26-ին անգլիական ակումբի մրցակիցը կլինի «Բարսելոնան»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում