16:46  ,  20 հուլիսի, 2017

Չավի. «Ռեալը» գերիշխում է բոլոր առումներով

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսը քննադատել է կատալոնական ակումբին: Քաթարյան «Ալ Սադում» հանդես եկող 37-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ կատալոնացիները սկսել են զիջել Մադրիդի «Ռեալին»:

«Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Բարսելոնան» քնած է մնացել: Կատալոնացիները պետք է ուժեղացնեն ակումբի ակադեմիան ու խաղի մոդելը: Մինչեւ առաջին թիմում հայտնվելը երիտասարդները պետք է պարտադիր սովորեն խաղալ ակումբի ոճով:

«Ռեալը» կատարել է շատ լավ ձեռքբերումներ: Այժմ մադրիդցիները գերիշխում են խաղի բոլոր առումներով՝ հակագրոհներով, դիրքային գրոհներով, գնդակի վերահսկումով եւ հարձակումից պաշտպանության անցումով: «Ռեալում» հավաքվել են արագ ու հզոր խաղացողներ, որոնք հավատում են Զիդանին:

Ինձ դուր է գալիս, որ «Բարսելոնան» նախապատվությունը տվել է Էռնեստո Վալվերդեին: Նա պատրաստ է այդ աշխատանքին, ունի մեծ փորձ, ծանոթ է ակումբին: Այնպես որ, նրա մոտ ամեն բան պետք է ստացվի: Նրա տեղափոխությունը նշանակում է վերադարձ խիստ հետեւողական ոճին»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ վերջին 4 մրցաշրջաններում «Ռեալը» 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում (2014, 2016, 2017), մեկ անգամ՝ Իսպանիայի առաջնությունում (2017): «Բարսելոնան» այդ ընթացքում մեկ անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2015-ին) եւ երկու անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը (2015, 2016):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում