09:07  ,  20 հուլիսի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռեալի», «Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է ԱՄՆ-ում ընթացող հավաքը, ինչպես նաեւ խոսել «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալի» եւ կատալոնական «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղերի մասին:

«Վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ լավագույն շրջանը դեռ առջեւում է: Անհամբերությամբ եմ սպասում դրան, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին:

Պատրաստվում ենք ջանասիրաբար աշխատել եւ հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում: Նախամրցաշրջանային խաղերում գոլեր խփելը գլխավորը չէ, ինչի մասին ես մտածում եմ: Ավելի կարեւոր է պատրաստվել եւ լինել լավ մարզավիճակում:

«Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղը ստուգողական է, բայց, եթե խորանանք, այնքան էլ ընկերական չէ: Առաջիկա խաղերը շատ կարեւոր են մեզ համար: Կխաղանք հաղթանակի համար այնքան լավ, որքան ի զորու ենք, քանի որ, վերջիվերջո, խաղալու ենք «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Կարեւոր չէ՝ դա ընկերական հանդիպում է, թե՝ ոչ: Ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում: Նշանակություն չունի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է, «Ռեալը», թե «Բարսելոնան»: Մենք պարզապես փորձում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, եւ դա շատ կարեւոր է մեզ համար:

Ինչ վերաբերում է թիմի նորեկներ Ռոմելու Լուկակաին ու Վիկտոր Լինդելյոֆին, նրանք լավ են մարզվում: Նրանք շատ լավ տղաներ են, որոնց մենք փորձում ենք օգնել թիմում հարմարվելու հարցում: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք նրանց կարիքն ունենք մրցաշրջանի մեկնարկում: Հնարավոր ամեն բան կանենք նրանց թիմում հարմարվելու հարցում օգնելու համար»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսին 10-ին է ժամանել ԱՄՆ, որտեղ արդեն անցկացրել է 2 ընկերական խաղ՝ հաղթելով MLS-ի ներկայացուցիչներ «Լոս Անջելես Գելաքսիին» (5:2) ու «Ռեալ Սոլթ Լեյքին» (2:1): 2 խաղերում էլ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՄՆ-ում երրորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 20-ին՝ մրցելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հուլիսի 23-ին Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», հուլիսի 26-ին՝ «Բարսելոնան»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս