10:30  ,  19 հուլիսի, 2017

«Ալաշկերտ» - ԲԱՏԷ. Խաշմանյանը դժգոհ է մրցավարներից, Երմակովիչը՝ եղանակային պայմաններից

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» եւ Բորիսովի ԲԱՏԷ-ի միջեւ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից հետո 2 թիմերի գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած պատասխան խաղում Բելառուսի չեմպիոնը կամային հաղթանակ էր տարել 3:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Բորիսովում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Աբրահամ Խաշմանյան («Ալաշկերտ»). «Պարտությանը ոչ մի արդարացում չկա: Այսպիսի խաղերում ցանկացած սխալ կարող է դառնալ որոշիչ, եւ մենք սխալվեցինք: Ընդհանուր առմանբ, վատ չխաղացինք, սակայն մենք դեռ այն մակարդակի վրա չենք, որ չսխալվենք: Այսօր «Ալաշկերտը» գործեց իր առավելագույն հնարավորություններով, որը մենք կարող ենք ցուցադրել այս պահին: Ունեցանք գոլ խփելու շանսեր, սակայն երբ չես օգտագործում դրանք, մրցակիցը պատժում է: ԲԱՏԷ-ն ավելի որակյալ թիմ է: Նրանք ունեցան 3 պահ եւ օգտագործեցին դրանք:

Արսեն Բեգլարյանը վատ խաղաց: Նա հավաքականի դարպասապահն է ու ունի խաղային պրակտիկա, եւ մենք հույս դրեցինք նրա վրա: Նա սխալվեց մեկ խաղում, եւ մենք պարտվեցինք: Մրցավարի գործողություններից գոհ չեմ: Դժգոհ եմ նաեւ եզրային մրցավարից»:

Ալեքսանդր Երմակովիչ (ԲԱՏԷ). «Ավելի վատ մեկնարկ մենք չէինք կարող պատկերացնել: Նաեւ եղանակային պայմաններն էին շատ բարդ: Սակայն կարողացանք հաջողության հասնել մարտական որակների, բնավորության ու կատարողական վարպետության շնորհիվ: Բացի այդ, մեր առաջին գոլը վստահություն հաղորդեց թիմին

Դժվար է ասել՝ արդյոք այս հաղթանակն ինձ փրկեց պաշտոնանկությունից: Ակումբն ունի ղեկավարություն, որը կորոշի: Եթե դուրս չգայինք հաջորդ փուլ, Բելառուսում մեզ չէին ների: Գլխավորը, ինքս ինձ չէի ների անհաջողության դեպքում»,- փոխանցում է football.by-ն:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» - ԲԱՏԷ զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում էր Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25/26-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 1/2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում