13:19  ,  18 հուլիսի, 2017

ԲԱՏԷ-ի ավագ. Չեմ կասկածում, որ Երեւանում տղաները կներդնեն բոլոր ուժերը

Բորիսովի ԲԱՏԷ-ի ավագ Վիտալի Ռոդիոնովը խոսել է ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին: Բելառուս 33-ամյա հարձակվողը որակազրկման պատճառով բաց է թողնելու երեւանյան հանդիպումը, սակայն ԲԱՏԷ-ի հետ ժամանել է Հայաստան:

«Առաջին հանդիպման երկրորդ խաղակեսում մեզ մոտ ոչինչ չստացվեց: Առաջին հերթին դա կապված է հոգեբանության հետ: Պատասխան խաղում անհրաժեշտ է ցուցադրել լավագույն որակները: Վստահ եմ՝ տղաները լավ հասկանում ու գիտակցում են, թե ինչ է լինելու նժարին: Չեմ կասկածում, որ Երեւանում տղաները կներդնեն բոլոր ուժերը»,- Ռոդիոնովի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25/26-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 1/2-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում