20:14  ,  17 հուլիսի, 2017

Աբրահամ Խաշմանյան. Անմնացորդ նվիրումը, կարգապահությունը եւ ֆիզիկական լավ վիճակը կօգնի հաղթել ԲԱՏԷ-ին

Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումից առաջ Երեւանում տեղի ունեցած նախախաղային մամուլի ասուլիսում նշել է մրցակցի արգելքը հաղթահարելու գլխավոր պայմանները՝ անմնացորդ նվիրում, կարգապահություն եւ ֆիզիկական լավ վիճակ:

«Բելառուսում գրանցված 1:1 հաշիվը, բնական է, որ մեզ գոհացնող արդյունք է: Խաղը ցույց տվեց, որ վատ մարզավիճակում չենք:

Գիտեմ, որ վաղվա խաղին բոլորը սպասում են: Չեմ ուզում տղաների մոտ ֆուրոր լինի, քանի որ դա կարող է խանգարել նրանց: Պետք է մաքսիմալ արդյունավետ պատրաստվել վաղվա խաղին: Մենք անելու ենք ամեն ինչ դաշտում, անմնացորդ նվիրվելու ենք: Չեմ կարող ասել՝ շատ լավ կստացվի, թե շատ վատ: Երկրպագուները թող սպասեն հաղթանակի եւ լավ խաղի: Անկախ նրանից, թե ինչ հաշիվ կլինի, կուզեի, որ դաշտում առաջին րոպեից մինչեւ վերջին րոպեն երկրպագուները թիմի կողքին լինեին եւ աջակցեին մեզ:

Գիտեմ, որ մեզանից միշտ սպասելիքները շատ են: Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս շատ տանք մեր երկրպագուներին:

Սովոր ենք քննադատություններին: Վատ է, որ հայերիս մեջ շատ կան քննադատողներ: Նորություն չէ, որ դեռ շարունակում են շրջանառվել խոսակցություններ այն մասին, թե թիմը դիտարժան խաղ չի ցուցադրում: Միշտ պետք է հաշվի առնես՝ ում հետ ես խաղում: Պետք է առաջնորդվել փաստերով. երկու տարի շարունակ իմ թիմը 120 գոլ է խփել Հայաստանի առաջնությունում, իսկ ֆուտբոլի «գիտնականները» դեռ խոսում են, թող խոսեն, Աստված իրենց հետ»:

Կազմի մասին.

«Մի քիչ խնդիրներ ունենք, 3 օր առաջ մարզմանը Արթուր Եդիգարյանը վնասվածք է ստացել: Նա դժվար դուրս գա խաղադաշատ: Կենտրոնում խնդիրներ ունենք Արտակ Գրիգորյանի հետ: Ինձ համար մտահոգիչ հարցը Արթուր Եդիգարյանին կորցնելն է: Սա մեծ խնդիր է:

Մի գուցե Կարեն Մուրադյանին էլ վաղն օգտագործենք, բայց միեւնույն է նրանից դժգոհ եմ: Ասացի որ մեջտեղում խնդիր ունենք, գուցե, օգտագործենք:

Վահագն Մինասյանը թիմի առաջատար խաղացողներից է, թիմի ավագն է: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Ինձ համար բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասար են: Ես չունեմ սիրած ու չսիրած խաղացողներ, ինձ համար բոլորը հավասար են»:

Հաղթելու հնարավորությունների մասին.

«Անմնացորդ նվիրումը, խաղային կարգապահությունը եւ ֆիզիկական լավ վիճակը, այս երեք գործոնը մեզ կօգնի հաղթել վաղվա խաղում:

Բայց մենք էլ ենք աճել: Աշխատելու ենք ամեն ինչ անել, որ վաղն էլ պատմություն կերտենք: Մենք պետք է ֆուտբոլ խաղանք վաղը, ես այդ մասին տղաներին էլ եմ շատ ասում: Ես գիտեմ՝ դա ինչ ուրախություն կլինի բոլորի համար: Մենք պատրաստ ենք դրան:

ԲԱՏԷ-ն էլ է շատ լավ թիմ, շատ հզոր թիմ է: Եթե դուրս գանք գոլ բաց չթողնելու, կպարտվենք:  Մենք դուրս ենք գալու լավ խաղ ցուցադրելու: Կխաղանք ըստ իրավիճակի: Առաջինը շեշտը կդրվի պաշպանության վրա, պետք է խաղանք նախաձեռնությունով: Ըստ խաղային իրավիճակների կկառուցենք վաղվա խաղը: Իմ թիմը հասուն թիմ է եւ կարող է ըստ իրավիճակների խաղալ այնպես, ինչպես մեզ է ձեռնտու: Չէի ուզենա, որ հարցը հասներ 11 մետրանոցների:

Մեր ակումբի ղեկավարը հիվանդ է իր ակումբով, հիվանդ է մեր թիմով: Հատկապես երբ հաջողություններ ենք ունենում, երբեք մեզ, ֆուտբոլիստներին «դիլխոր» չի թողնում: Բայց մարզիչներիս եւ ֆուտբոլիստների համար գումարներն առաջնայինը չեն, մեզ համար կարեւորը նախ մեր պատիվն է: Ճիշտ է, գումարն էլ է պետք, պարգեւավճարներն էլ, բայց առաջին հերթին պետք է մտածենք լավ ֆուտբոլ խաղալու մասին:

Նախկինում քիչ էի օգտվում համացանցից, բայց այսօր հաճախակի եմ օգտվում, քանի որ դրական արձագանքներ կան, ժողովուրդը մեր կողքին է, արդեն հաճելի է հետեւել հետեւորդներին: Եվ տեսնում եմ, որ վաղվա խաղին բոլորն են սպասում»:

Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1: Հուլիսի 18-ին Երեւանում կայանալիք պատասխան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով