15:25  ,  16 հուլիսի, 2017

Քրիս Յուբենք կրտսեր. Արթուր Աբրահամը համաշխարհային կարգի մարտիկ է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերը Գերմանիան ներկայացնող Արթուր Աբրահամի նկատմամբ հաղթանակից հետո արժանին է մատուցել մրցակցին:

«Արթուր Աբրահամն ամենաամուր բռնցքամարիկն է, որի հետ ես երբեւէ մենամարտել եմ: Կա պատճառ, թե ինչու նա չպարտվեց նոկաուտով: Ես հասցնում էի հարվածներ տարբեր ճաշակների համար եւ գիտեի, որ կցնցեմ նրան, սակայն չկարողացա հաղթել ժամանակից շուտ: Ամեն դեպքում, կա հաղթանակ միավորներով: Աբրահամը համաշխարհային կարգի մարտիկ է, եւ ոչ մի ռաունդ չտվեցի նրան: Այնպես որ, ես գոհ եմ իմ մրցելույթից»,- 27-ամյա բրիտանացու խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած 12 ռաունդանոց չեմպիոնական մենամարտում 37-ամյա Աբրահամը պարտվել էր մրցավարների միաձայն որոշմամբ: Գրանցվել էր 118:110, 118:110, 120:108 հաշիվը:

2 քաշային կարգերում (IBF-ի միջին քաշային կարգ, WBO-ի երկրորդ միջին քաշային կարգ) աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 52-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում, որում կրեց 6-րդ պարտությունը (46 հաղթանակ): Յուբենք կրտսերն անցկացրեց 26-րդ մենամարտը՝ տանելով 25-րդ հաղթանակը (բրիտանացին կրել է մեկ պարտություն):

Այս մենամարտի հաղթողը դառնալու է Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) վերջին մասնակիցը: Արթուր Աբրահամի նախորդ մենամարտը կայացել էր ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում, որտեղ նա միավորներով պարտության էր մատնել Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում