11:22  ,  16 հուլիսի, 2017

Գեղարդ Մուսասին Bellator-ում նորամուտը կնշի նախկին չեմպիոնի հետ մենամարտով (ֆոտո)

Հոլանդիան ներկայացնող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) կմենամարտի Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ամերիկյան Անկասվիլում անցկացվելիք Bellator 185 խառը մենամարտերի մրցաշարում, հայտնում է «Чемпионат»-ը:

31-ամյա Մուսասին առաջին մենամարտը կանցկացնի Bellator-ում, որի հետ պայմանագիր էր կնքել այս շաբաթ: Մինչեւ այս նա 12 մենամարտ է անցկացրել UFC-ում:

Գեղարդ Մուսասին հաղթել է նախորդ 5 մենամարտերում, իսկ 33-ամյա Շլեմենկոն տարել է 6 անընդմեջ հաղթանակ:

Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Բաֆալո քաղաքում, որտեղ երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր UFC-ի նախկին չեմպիոն, ամերիկացի Քրիս Վայդմանին:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին ծնվել է Իրանում, իսկ 4 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հոլանդիա։ Դպրոցն ավարտելուց հետո Գեղարդը եղբոր պես սկսել է մարզվել եւ մասնակցել խառը մենամարտերի:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում