21:51  ,  15 հուլիսի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանի վերջնական արդյունքը

Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտված FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարում Լեւոն Արոնյանը բաժանեց 11-14-րդ տեղերը:

Հայկական շախմատի առաջատարը վերջին՝ 9-րդ տուրում սպիտակներով 60-րդ քայլում հաղթել էր ԱՄԷ-ն ներկայացնող Սալեհ Սալեմին եւ մրցաշարն ավարտել 4.5 միավորով: Նույնքան միավոր են հավաքել նաեւ հնդիկ Պենտալա Հարիկրիշնան, իսրայելցի Բորիս Գելֆանդն ու ռուս Պավել Էլյանովը:

Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց Թեյմուր Ռաջաբովը, որը վաստակեց 6 միավոր: 2-3-րդ տեղերը բաժանած ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկի ու Յան Նեպոմնյաշչիի արդյունքն է 5.5-ական միավոր: Վերջին տուրում Նեպոմնյաշչին սպիտակներով ոչ ոքի խաղաց Ռաջաբովի հետ, իսկ Գրիշչուկը սեւերով միավորը կիսեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

4-9-րդ տեղերը բաժանած շախմատիստները հավաքեցին 5-ական միավոր:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանն ամենաբարձր վարկանիշն ուներ մրցաշարում՝ 2809:  9 տուրերում նա տարավ 2 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 5 պարտիա ավարտեց ոչ ոքի: Մրցաշարին մասնակցեցին 18 շախմատիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում