13:28  ,  15 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամ - Քրիս Յուբենք. Բուքմեյքերները ֆավորիտ են համարում բրիտանացուն

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) հուլիսի 15-ին կանցկացնի չեմպիոնական մենամարտ՝ մրցելով բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ:

William Hill բուքմեյքերական գրասենյակը բացահայտ ֆավորիտ է համարում 27-ամյա բրիտանացուն, որի հաղթանակը գնահատում է 1.14 գործակցով: 37-ամյա Աբրահամի հաղթանակն ունի 6.00 գործակից, իսկ ոչ ոքին՝ 26.00:

Նախօրեին Լոնդոնում կայացել էր 2 բռնցքամարտիկների կշռման արարողությունը եւ հայացքների մենամարտը: Աբրահամի քաշն է 75.9 կգ, իսկ Յուբենք կրտսերինը՝ 75.8 կգ:

Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում (մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 01:00-ին): Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է բրիտանացուն: Մենամարտի հաղթողը կդառնա Բռնցքամարտի համաշխարհային սուպերսերիայի (World Boxing Super Series) մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում