15:44  AMT,  14 հուլիսի, 2017

Հաբեթնակ Կուրղինյան. Կիսլովոդսկում համատեղ հավաք ենք անցկացնելու Ռուսաստանի թիմի հետ

Աշխարհի առաջնությունում սպասելիքներ ունենք Վալոդյա Ֆրանգուլյանից, Գրիգոր Գրիգորյանից եւ Լեւան Բերիանիձեից։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը։

Հայաստանի թիմը շարունակում է նախապատրաստվել օգոստոսի 21-26-ը Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Հուլիսի 15-ին թիմը կմեկնի Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաք, որտեղ կանցկացնի հավաք:

«Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլն անցնում է ըստ ծրագրի, նորմալ հունով։ Կիսլովոդսկում լինելու է աշխարհի առաջնությունից առաջ մեր երկրորդ հավաքը։ Սրանից առաջ հավաք ունեցանք Ծաղկաձորում, որտեղ ըմբիշները շատ լավ ֆիզիկական պատրաստություն անցան։ Ապա մասնակցեցինք Ալի Ալիեւի հուշամրցաշարին։ Վաղը մեկնում ենք Կիսլովոդսկ, որտեղ լինելու է աշխարհի առաջնությունից առաջ մեր գլխավոր հավաքը։ Համատեղ հավաք ենք անցկացնելու Ռուսաստանի թիմի հետ։ Այստեղ շեշտը դրվելու է ըմբիշների տեխնիկայի, տակտիկայի, գոտեմարտերի վրա։ Ավելի շատ կաշխատենք գորգի վրա։ Հուլիսի 29-ին կավարտվի Կիսլովոդսկի հավաքը, որից հետո վերջին հավաքը կանցկացնենք Երեւանի «Օլիմպավանում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Հարցին, թե չի զգացվում իր դիմումի համաձայն թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Արմեն Մկրտչյանի բացակայությունը, Կուրղինյանը պատասխանեց, որ ըմբիշների հետ աշխատանքը հեշտ է ստացվում, քանի որ ինքը նոր մարդ չէ թիմում։

«Իհարկե, զգացվում է Արմեն Մկրտչյանի տեղը։ Ես վաղուց եմ աշխատում հավաքականի հետ: Թիմում աշխատել եմ ինչպես Արմեն Մկրտչյանի, այնպես էլ Արայիկ Բաղդադյանի օրոք։ Տղաներին լավ ճանաչում եմ: Այժմ ինձ օգնում է հավաքականի նախկին անդամ Էդգար Ենոքյանը։ Միասին տղաների հետ աշխատում ենք լավ արդյունքների համար:

Շատ պատասխանատու է տարվա ամենակարեւոր մրցաշարից մեկ ամիս առաջ հավաքականի գլխավոր մարզիչի պարտականությունները ստանձնելը: Բայց ինչի՞ց մտավախություն կամ անհնանգստություն ունենամ․ թիմին տանում եմ աշխարհի առաջնությանը։ Ես այս թիմում ինձ զգում եմ որպես թիմի անդամ։ Բոլորով միասին գնում ենք մրցումների»,- ասաց Կուրղինյանը։

Աշխարհի առաջնության կազմը Հաբեթնակ Կուրղինյանն արդեն որոշել է, բայց դեռ չի ցանկանում հրապարակել:

«Դեռ չեմ հայտարարի, բայց արդեն մոտավոր գիտենք, թե ովքեր են հանդես գալու աշխարհի առաջնությունում։ Բայց վերջնական չէ, քանի որ դեռ պրպտում ենք, թե ով, ինչ կարող է անել, ինչի է պատրաստ աշխարհի առաջնության գորգում։ Ինձ համար ուղղակի միայն մասնակցությունը չէ։  Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ասում են՝ «արդյունք չունեցանք, ոչինչ՝ փորձ ձեռք բերեցին տղաները կամ ապահովեցին զուտ լավ մասնակցություն»։ Համարում եմ, որ կարելի է փորձ ձեռք բերել միջազգային մրցաշարերին, բայց ոչ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Այս երկու կարեւորագույն մրցաշարերին պետք է մեկնել արդյունքի հասնելու համար։ Այս պահին մեծ փորձ ունեն եւ պատրաստ են արդյունքի հասնել Վալոդյա Ֆրանգուլյանը, Գրիգոր Գրիգորանը, Լեւան Բերիանիձեն։ Նրանք կան կազմում։ Մյուսների հարցում դեռ կողմնորոշման փուլում ենք։ Իրականում, հիմնական սպասելիքները հենց այս 3 ըմբիշներից են»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը ։

Լուսինե Շահբազյան

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր ակումբի երկրպագուն եք
«Բարսելոնա»
«Ռեալ»
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Չելսի»
«Բորուսիա Դորտմունդ»
«Բավարիա»
«Յուվենտուս»
Այլ ակումբ
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...