01:10  ,  13 հուլիսի, 2017

Աբրահամ Խաշմանյան. Երկրորդ խաղակեսում հաջողվեց փոխել խաղի ընթացքը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ արտագնա ոչ ոքիից հետո կիսվել է տպավորություններով:

«Ինձ թվում էր, որ ԲԱՏԷ-ն մեզանից լավ տեսք պետք է ունենար խաղադաշտում: Ամեն դեպքում, Բելառուսի առաջնությունը թեժ փուլում է, իսկ մենք նոր ենք վերադարձել արձակուրդից եւ անցկացրել մեկ հավաք: Թիմերը հավասար էին պատրաստված ֆիզիկապես, եւ նույնը եղավ նաեւ խաղի հաշվի դեպքում:

Բելառուսի չեմպիոնի դեմ խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք: Սկզբում խաղում էինք պաշտպանությունից, թեեւ գոլ բաց թողեցինք: Զգացվեց կենտրոնացվածության պակասը: Սակայն երկրորդ խաղակեսում մեզ հաջողվեց փոխել խաղի ընթացքը: Ընդմիջմանը խաղացողներին խնդրեցի ագրեսիվություն ավելացնել հարձակողական գործողություններում: Ամեն բան պարզ է, մենք պետք է գոլ խփեինք եւ արեցինք դա:

Իմ ֆուտբոլիստները շատ կրթված մարդիկ են: Նրանք գիտեն շատ բան: Նրանք խոսում են ձեր լեզվով՝ ռուսերեն, ինչպես նաեւ գիտեն անգլերեն: Խիստ կասկածում եմ, որ բելառուս ֆուտբոլիստները գիտեն հայերեն: Այնպես որ, այդ առումով մենք ունենք առավելություն»,- Աբրահամ Խաշմանյանի խոսքը մեջբերում է pressball.by-ը:

Հիշեցնենք, որ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց Երեւանի «Հանրապետական» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում