14:57  ,  11 հուլիսի, 2017

Արթուր Աբրահամ. Լավ պատրաստվել եմ այս մենամարտին, պետք է նվաճեմ IBO-ի գոտին

Քրիս Յուբենք կրտսերն ուժեղ, ճկուն բռնցքամարտիկ է: Ամեն ինչ պետք է անեմ նրան հաղթելու եւ IBO-ի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնից ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ), որը շարունակում է  պատրաստվել հուլիսի 15-ին Լոնդոնում կայանալիք չեմպիոնական մենամարտին: 37-ամյա Աբրահամի մրցակիցը լինելու է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենք կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ): Կվիճարկվի IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Քրիս Յուբենքին:

Արթուր Աբրահամն իր թիմով արդեն ժամանել է Լոնդոն: Մենամարտը կայանալու է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Արթուր, օրեր անց քեզ կրկին կտեսնենք ռինգում, այս անգամ՝ աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում: Ի՞նչ տրամադրվածություն ունես:

Հաղթական: Ռինգ դուրս կգամ հաղթելու համար:

Ինչպե՞ս ես նախապատրաստվել եւ ի՞նչ մարզավիճակում ես:

Լավ պատրաստվել եմ, մարզավիճակս լավ է:

Ի՞նչ կասես մրցակցիդ մասին:

Ուժեղ, ճկուն մարզիկ է: Ամեն ինչ պետք է անեմ նրան հաղթելու համար:

Արդեն կայացել է հայացքների մենամարտը: Ի՞նչ կարդացիր Յուբենքի հայացքում եւ ի՞նչ թույլ տվեցիր նրան կարդալ քո հայացքում:

Այո, հայացքների մենամարտ արդեն կայացել է: Մինչեւ մենամարտը դեռ մի քանի անգամ էլ կհանդիպենք: Ես հայացքներից չեմ վախենում, փոխարենը հայացքով վախեցնում եմ:

Վիճարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին: Մենամարտի հաղթողը դառնալու է World Boxing Super Series-ի մասնակից: Ի՞նչ կտա քեզ այդ մրցաշարի մասնակցությունը:

Շատ կարեւոր տիտղոս է IBO աշխարհի չեմպիոնի գոտին: Այժմ այն Յուբենք կրտսերի մոտ է: Ես պետք է նվաճեմ այն: World Boxing Super Series-ին կմասնակցեմ մեծ սիրով, բայց մինչեւ այդ պետք է հաղթեմ առաջիկա մենամարտում: Ինչպես ասում են՝ «առուն թռիր, նոր ասա հոպ»: Հիմա միայն մտածում եմ այդ մենամարտի մասին:

Ինչպե՞ս կգնահատես հաղթանակիդ շանսերը:

Ես երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, ամեն դեպքում, ես պետք է հաղթեմ:

Արդեն ժամանել ես Լոնդոն: Ինչպե՞ս դիմավորեց քեզ Լոնդոնը եւ ի՞նչ ակնկալիքներ ունես այս մենամարտից:

Լոնդոնը հրաշալի քաղաք է, հյուրընկալ: Մեր թիմն այստեղ շատ լավ է զգում, մնում է հաղթել եւ վերջ:

Մոտիվացնո՞ղ է:          

Շատ գեղեցիկ քաղաք է, տրամադրում է հաղթելու:

Մենամարտդ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Հայաստանում: Դա պարտավորեցնո՞ղ է:

Ցուցադրվելու է Առաջին ալիքի եթերում, եւ դա, իրոք, պարտավորեցնող է, երբ գիտես, որ հայրենակիցներդ քեզ հետեւում են ուղիղ եթերում: Ես հեռվից զգում եմ համայն հայության քաջալերանքը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում