00:41  ,  29 հունիսի, 2017

ConfedCup. Չիլին եզրափակիչում է, դարպասապահ Բրավոյի բացառիկ նվաճումը

Հարավային Ամերիկայի չեմպիոն Չիլիի հավաքականը նվաճեց Ռուսաստանում ավարտին մոտեցող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին ուղեգիրը՝ հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնելով Եվրոպայի չեմպիոն պորտուգալացիներին՝ 3:0:

Կազանում տեղի ունեցած կիսաեզրափակիչի առաջին դիմակայության հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց:

Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին չիլիացիները, որոնք հաղթեցին 3:0 հաշվով:

Հենց առաջին հարվածը պորտուգալացիներից ձախողեց Ռիկարդու Կուարեժման, հավածը հետ մղեց Կլաուդիո Բրավո: Պորտուգալիայի երկրորդ հարվածը եւս հետ մղեց չիլիացիների դարպասապահը, իրացնողը Ժոաու Մոուտինյոն էր: Բրավոն հետ մղեց նաեւ Նանիի հարվածը եւ բացառիկ նվաճումով Չիլիին դուրս բերեց եզրափակիչ: Արտուրո Վիդալը, Չարլես Արանգիսն ու Ալեքսիս Սանչեսը գրավեցին Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը:

Հունիսի 29-ին եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն աշխարհի չեմպիոն Գերմանիան ու Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի գավաթակիր Մեքսիկան:

Կոնֆեդերացիաների Գավաթ, կիսաեզրափակիչ

Պորտուգալիա - Չիլի՝ 0:0 (0:0, 11մ՝ 0:3)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում