15:50  ,  27 հունիսի, 2017

Սիմոն Մարտիրոսյան. Դարձա չեմպիոն, բայց այնքան էլ գոհ չեմ իմ մասնակցությունից

Երբեք հաղթանակներովս չեմ բավարարվում: Դեռ պետք է նվաճեմ աշխարհի չեմպիոնի եւ օլիմպիական չեմպիոնի տիտղոսները: Սպորտում նպատակներս դրանք են:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն օրեր առաջ ոսկե մեդալ էր նվաճել Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում:

«Չնայած նվաճեցի չեմպիոնի կոչումը, բայց այնքան էլ գոհ չեմ իմ մասնակցությունից, որ չկարողացա բարձրանցել 246 կգ: Երեւի, մի փոքր շտապեցի. դա էր պատճառը, որ ձախողեցի: Հույս ունեմ, որ հաջորդ առաջնություններում կկարողանամ բարձրացնել: Կարեւորն ինձ համար այն է, որ մարզիչներս գոհ են ինձանից: Բայց Փաշիկ Ալավերդյանին սովորաբար մեր արդյունքները չեն բավարարում: Դա ինձ, մյուսներին չի կոտրում, ավելի շատ ոգեւորում է: Նա այնպես է մատուցում իր գոհ չլինելը, որ հասկանալի է՝ մարզիչը ցանկանում է, որ մենք եւս չբավարարվենք եւ էլ ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնենք, նվաճենք ավելի շատ մեդալներ:

Սպորտում նպատակներս շատ են՝ դեռ ոչ աշխարհի չեմպիոն եմ դարձել, ոչ Օլիմպիական չեմպիոնի տիտղոսն եմ նվաճել: Անելիքներս շատ են»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում +105 կգ քաշային կարգի ոսկե մեդալ է նվաճել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Հայ ծանրորդը երկամարտում հավաքել էր 426 կգ՝ 20 կգ գերազանցելով երկրորդ տեղը գրաված վրացի Գիորգի Չխեիձեին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում