15:22  ,  27 հունիսի, 2017

Փաշիկ Ալավերդյան. Սիմոն Մարտիրոսյանը պետք է դառնա աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն

Սիմոն Մարտիրոսյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ուժեղագույնն է: Բայց դա դեռ չի նշանակում, որ ես նրանից գոհ եմ: Նա դեռ պետք է աշխարհի եւ օլիմպիական չեմպիոն դառնա:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը՝ ամփոփելով Տոկիոյում ավարտված երիտասարդների աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք, որ Տոկիոյից ծանրորդները վերադարձել են երեք մեդալով: Ոսկե մեդալակիր էր դարձել Սիմոն Մարտիրոսյանը, իսկ Սամվել Գասպարյանն ու Սոնա Պողոսյանը նվաճել էին բրոնզե մեդալներ:

«Աշխարհի երիտասարդական առաջնությունում պատվով հանդես եկանք: Այնպիսի կազմ էինք ձեւավորել, որ մեդալներ նվաճելու հավանականությունը մեծ էր: Տոկիո մեկնելը շատ ծախսատար էր եւ մենք հենց այնպես չպետք է այդ գումարները վատնեինք, պետք է հնարավորինս շատ մեդալներով վերադառնային եւ գնայինք այնտեղ մեդալ նվաճելու: Երիտասարդական առաջնությունում այդպես էլ եղավ: Մասնակիցներից բոլորն էլ հնարավորություն ունեին մեդալ նվաճելու:

Աղջիկներից իր բարձունքի վրա գտնվեց Սոնա Պողոսյանը: Բրոնզե մեդակալիր դառնալուց բացի, նա նաեւ ցուցադրեց իր լավագույն կողմերը: Արփինե Դալալյանը բարելավեց իր արդյունքը, բավարարվեց 4-րդ տեղով: Մարզիչներս շատ գոհ ենք նրա աշխատանքից: Վստահ եմ, որ հաջորդ մրցաշարերում արդեն ավելի բարձր արդյունքներ կլինեն:

Տղաներից դժգոհ եմ Սամվել Գասպարյանից, չնայած նա բրոնզե մեդալակիր դարձավ: Սամվել Գասպարյանն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Լինում են դեպքեր, որ մարզիկը մեդալ չի բերում, բայց գոհացնում է: Բայց լինում են դեպքեր, որ մեդալը կա, բայց աշխատանքը չի գոհացնում: Սամվել Գասպարյանը Եվրպայի առաջնությունում պոկեց 165 կգ եւ հրեց 210 կգ: Այստեղ նրան բավական էր միայն 165 կհ պոկել կամ 210 կգ հրել եւ դառնալ երիտասարդների աշխարհի չեմպիոն: Սամվել Գասպարյանն արդեն կարող է համարլել մեծահասակների հավաքականը: Նա բոլոր հնարավորություններն ունի մեծահասակների հետ պայքարելու համար: Ափսոսում եմ, որ նա այլեւս երիտասարդների աշխարհի չեմպիոն չի դառնա, քանի որ տարիքը լրանում է:

Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ինչպես միշտ իրեն հրաշալի դրսեւորեց: Սիմոնը հայկական ծանրամարտի ամենաերիտասարդ մարզիկն է, որ կարողացել է օլիմպիական փոխչեմպիոն դառնալ: Սիմոնն այն մարզիկներից է, որոնք կարողանում են բոլոր տարիքային խմբերում բարձր արդյունքներ ցույց տալ աշխատասիրության ու ժառանգական գեների շնորհիվ: Սիմոն Մարտիրոսյանը ինչպես Եվրոպայում, այնպես էլ երիտասարդների աշխարհի առաջնությունում ապացուցեց, որ ուժեղագույնն է, բայց դեռ լիարժեք գոհ չեմ: Ասել եմ՝ երբ ես գոհ եղա իմ մարզիկներից, այդ օրվանից ուրեմն այլեւս մարզիչ չեմ աշխատելու: Յուրաքանչյուր մարզիկ պետք է մի քանի Օլիմպիական խաղերի մասնակցի եւ մի քանի մեդալ նվաճի»,- ասաց Փաշիկ Ալավեդրյանը:

Առաջիկայում հայ ծանրորդները կնախապատրաստվեն Համաշխարհային ուսանողական խաղերին, որին թիմը մասնակցելու է 3 ծանրորդով՝ Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ) եւ Գոռ Մինասյան (+105 կգ):

«Անդրանիկ Կարապետյանն արդեն լիարժեք պատրաստ է պայքարի դուրս գալ: Նա հանդես կգա 85 կգ քաշային կարգում: Այս քաշում Եվրոպայի չեմպիոնն իրեն լավ է զգում: Նա սկսել է մարզվել հենց այս քաշային կարգում եւ այնպիսի արդյունքներ է ցույց տալիս, որ բավարարում է միջազգային մրցահարթակում պայքարելու համար»,- նշեց մարզիչը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում